ՆորություններՏնտեսական

ՊԵԿ-ի համար արտոնյալներ չկան. ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանին և Միքայել Մինասյանին առնչվող գործերի մասին

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի որոշ աշխատակիցների աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպել են անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և ընտրություններում ձայներ ապահովել կուսակցության համար: Այս մասին երեկ հաղորդագրություն տարածեց ՀՀ պետեկամուտների կոմիտեն:

Քննչական վարչությունում նոր քրեական գործ է հարուցվել ընտրողներին կաշառք տալու և ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման ու ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ: Գյումրիում լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը գործի վերաբերյալ նշեց.

«Կարծում եմ՝ նախաքննության մարմինները նախաքննության թույլատրելի շրջանակներում արդեն տեղեկատվություն հրապարակել են: Դուրս չգալով դրա սահմաններից՝ նշեմ, որ դեպքերը վերաբերում են 2012 և 2017 թվականների Ազգային ժողովի հինգերորդ և վեցերորդ գումարման ընտրությունների ընթացքին: Այսքանը»:

Հարցադրմանը, թե Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին առնչվող ինչ նոր տեղեկություններ կան, ՊԵԿ նախագահը նշեց.

«Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունն այս պահին դատարանների քննության տիրույթում է գտնվում»:

Լրագրողները նաև հարցրին՝ ՊԵԿ-ի համար կա՞ն արտոնյալ գործարարներ, որոնց նկատմամբ վերաբերմունքն այլ է, Հովհաննիսյանն ասաց.

«Ես վստահ եմ, որ ձեզ մոտ նման հարցեր չպետք է առաջանային, հուսով եմ՝ դուք համոզվել եք, որ հատկապես վերջին երկու տարիներին ՊԵԿ-ի համար արտոնյալներ չկան: Եվ դա մենք մեր աշխատանքով ապացուցել և բազմիցս հիմնավորել ենք: ՊԵԿ-ը գործառույթներ է իրականացնում առհասարակ այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց վերաբերյալ ունենում է համապատասխան հիմք, համապատասխան առիթներ: Այս կամ այն շարժառիթով կապելով գործարարի անձը և այլն, ՊԵԿ-ում վաղուց միջոցառումներ, ստուգումներ չեն նախաձեռնվում: Դա ես ձեզ վստահեցնում եմ»:

Back to top button
Close