Նորություններ

«Մեր կողմից գնահատվել և կրկին վերանայվել են ապրանքների գները». ՊԵԿ նախագահը՝ հագուստ ներկրողների բարձրաձայնած խնդրի լուծման մասին

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը Գյումրիում էր՝ մասնակցելու Հյուսիսային տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի բացման արարողությանը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ հանգուցալուծման են հասել հագուստի մաքսատուրքերից դժգոհող առևտրականների խնդիրների կարգավորման ուղղությամբ, ՊԵԿ նախագահը նշել է.

«Հագուստի և համանման ապրանքների մաքսազերծման ուղղությամբ մենք ներդրել ենք այնպիսի կարգ, մշակված այնպիսի մեխանիզմներ, որ մեր տնտեսվարողների համար դժվարություններ չառաջանան, և նրանք հարմարավետ պայմաններում կարողանան մաքսազերծում իրականացնել:

Եթե նկատի ունեք կիլոգրամների մաքսազերծումից անցում կատարելը դեպի ապրանքները ըստ տեսականու մաքսազերծելու գործելաոճին, ապա նշեմ, որ կիլոգրամներով մաքսազերծումը ինքնին մաքսային գործի, մաքսային ձևակերպումների մասով եղել է ընդամենը ժամանակավոր լուծում և անցումային փուլի համար նախատեսված մոտեցում: Վաղ թե ուշ մենք պետք է մաքսազերծումներն իրականացնենք օրենսդրական պահանջներին լիարժեք համապատասխան: Լուծումները հետևյալն են. կարծում եմ՝ այս մասով իմ տեղակալ Ներսիսյան Շուշանիկը և մաքսային մարմինները բավարար տեղեկատվություն տրամադրել են տնտեսվարողներին: Մեր կողմից գնահատվել և կրկին վերանայվել են ապրանքների գները: Ապրանքների գների հետ որևէ տնտեսվարող որևէ առարկություն չունի և, իմ կարծիքով, չի կարող ունենալ, քանի որ դրանք չափազանց խելամիտ են, և նշված գներով պետք է շարունակվի մաքսազերծումն, ինչպես որ կարգն է»:

Հիշեցնենք, որ հագուստի ներկրման մաքսային վճարներն ավելացել են: Եթե մինչև այժմ ներկրվող հագուստի հաշվարկը ՀՀ սահմանին իրականացվել է կիլոգրամներով` 7 կիլոգրամի դիմաց 3,25 դոլար հաշվարկով, ապա սեպտեմբերի 1-ից յուրաքանչյուր հագուստի դիմաց գանձվում է դրա արժեքի 30%-ի չափով մաքսատուրք։

Back to top button
Close