Նորություններ

Խոշոր ու ողբերգական ավտովթար-վրաերթ Արարատի մարզում. բախվել են Mercedes Sprinter-ը և BMW-ն, վերջինս վրաերթի է ենթարկել ձմեռուկ վաճառողին. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:00-ի ահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում, Երասխավան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes Sprinter և BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն կողաշրջվել է:

Իսկ մինչ այդ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, բախումից հետո BMW-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նշված հատվածում ձմերուկ վաճառողին, որը տեղում մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 3 վիրավորի, այնուհետեւ տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Արարատի մարզի ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button