Նորություններ

Արդարադատության նախկին նախարարը չի հիշում «Սև բերդ» ամրոցի գործարքի մանրամասները. «Ես որևէ տեղեկություններ չունեմ»

ԳԱԼԱ-ն «Սև բերդ» պատմական հուշարձանի օտարման գործընթացի վերաբերյալ պարզաբանում փորձեց ստանալ 1998-2007թթ. արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Հարությունյանից: Հիշեցնենք, որ ամրոցի օտարումը տեղի է ունեցել 2005 թվականին:

Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի հիշում գործարքի մանրամասները:

Հիշեցնենք, համաձայն  ոստիկանության հաղորդագրության, պաշտպանության և արդարադատության նախարարությունների բարձրաստիճան և այլ իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խախտելով «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «Բ» ենթակետի պահանջները, ապօրինի կազմակերպել են սեփականության իրավունքով ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող՝ հանրապետական նշանակության Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը:

«Բացարձակապես ոչ մի բան չեմ հիշում, և եթե ոչ մի բան չեմ հիշում, ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել: Ընդ որում, որևէ մեկը ինձ հետ չի կապվել, որպեսզի հասկանամ՝ ում նկատի ունեն և այլն»,- հայտարարեց արդարադատության նախկին նախարարը:

Հարցադրմանը, թե ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունից հետո չի՞ փորձել պարզել, թե ինչ է տեղի ունեցել, կամ վերհիշել, ուսումնասիրել գործարքի մանրամասները,  հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքն է եղել այդ շրջանում երկրի արդարադատության նախարարը եւ իր անունն է շահարկվում,  Դավիթ Հարությունյանը նշեց.

«Ես չեմ տեսել, որ իմ անունն է շահարկվում: Այդ տարիներին արդարադատության նախարար աշխատելը չի նշանակում, որ իմ անունը շոշափվել է: Ես որևէ տեղեկություններ չունեմ, չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց Հարությունյանը:

Քրեական գործի վերաբերյալ նախաքննություն է ընթանում, Ձեզ որևէ հարց չի՞ տրվել այս թեմայի վերաբերյալ, հարցին Հարությունյանն ասաց.

«Առ այս պահը որևէ մեկը ինձ չի զանգել, որևէ հարց չի տվել»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի կարգադրությամբ՝ Գյումրու «Սև բերդ» ամրոցը հանձնվել է պաշտպանության նախարարության հաշվեկշիռ, որը «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումով ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, իսկ 2005 թվականի ապրիլին ՀՀ ԱԳԿՊ կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ սեփականության իրավունքի վկայականով հանձնվել է պաշտպանության նախարարությանը։

Հավելենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close