Նորություններ

Գագիկ Ծառուկյանը հայտ է ներկայացրել արմատական ընդդիմադիր դառնալու․ Ա․ Վարդանյան

Հայաստանյան ներքաղաքական կյանքի, քաղաքական որոշ շրջանակների ակտիվության պատճառների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ:

«Քաղաքական որոշ ուժերի ակտիվությունը բացատրվում է նրանով, որ  փորձում են համախմբվել և համատեղ ուժերով հասնել իշխանափոխության: Այս պահին նրանց արդյունքի հասնելու համար չկան նախադրյալներ, որովհետև չկա քաղաքական ճգնաժամ, և իշխանությունը դեռևս ամուր իր դիրքերում կանգնած է»,- նշում է քաղաքագետը՝ անդրադառնալով որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի հնարավոր համախմբմանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի արտահայտած մտահոգություններին  և հայտարարություններին անդրադառնալով, Վարդանյանը նշեց

«Գագիկ Ծառուկյանը հայտ է ներկայացրել արմատական ընդդիմադիր դառնալու, դրա մասին նա մի քանի անգամ հայտարարել է և ասել, որ մինչև վերջ գնալու է: Բնականաբար այս տեսանկյունից նա իր հռետորաբանությունն է փոխում: Եթե նախկինում չափավոր ընդդիմության դիրքերից էր հանդես գալիս, հիմա ավելի արմատական դիրքերից է հանդես գալիս:

Ես կարծում եմ, որ այս ամենի մեջ նաև արտաքին ազդեցություն է առկա, որովհետև Ծառուկյանը նախկինում Ռուսաստանի քաղաքական էլիտայի հետ ջերմ հարաբերություններ ուներ, և հիմա էլ շարժվում են նույն ուղղությամբ: Եվ չեմ բացառում, որ նրա գլխավորած շարժման հետևում հենց Կրեմլը լինի»:

Ըստ քաղաքագետի՝ Ծառուկյանը այդ ճանապարհով փորձում է կամ ինքն իրեն պաշտպանել, այսինքն՝ երբ նրա նկատմամբ ձերբակալություն լինի, և ինքն իրեն ներկայացնի քաղհալածյալ, կամ նա իսկապես ուզում է հասնել նրան, որ այս կառավարությունը հեռացվի:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի  վերջին շրջանի ակտիվությանը, հանդիպումներին, Արմեն Վարդանյանը նկատեց.

«Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն քաղաքական հայտ է ներկայացրել, որովհետև նա արդեն իսկ թիմ է ձևավորել և, ըստ էության, պատրաստվում է ինչ-որ քաղաքական գործընթացների՝ գուցե արտահերթ խորհրդարանական ընտրություններին կամ ՏԻՄ ընտրություններին, բայց դա ակնհայտ է»:

Նրա խոսքով՝ այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա, որովհետև չկա քաղաքական ճգնաժամ: Քաղաքագետն ընդգծում է, որ  ամեն դեպքում քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել:

Անդրադառնալով իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու հետ կապված նրա պատճառաբանությանը՝ Վարդանյանն ընդգծեց.

«Չի կարելի և չպետք է  օրենսդիր իշխանության ներկայացուցիչը մանդատը վայր դնի այն բանի համար, որ տարաձայնություններ ունի կառավարության անդամի հետ: Սա անընդունելի է և անհասկանալի է: Չեմ կարծում, որ նրա որոշումը արժեքների անհամատեղելիության պատճառով է եղել, և չեմ կարծում, որ Արսեն Ջուլֆալակյանը հստակ արժեքների հետևից գնացող սկզբունքային գործիչ է: Անձնական ճնշումներ են ներդրվել իր վրա, և դրանով է պայմանավորված իր քայլը»։

 

Անահիտ Չալիկյան

Back to top button