ՄիջազգայինՆորություններ

Կրեմլի խոսնակը՝ Նավալնիի գործը քննելու և Պուտինի հետ Բելառուսի նախագահի հանդիպման մասին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերահաստատեց Գերմանիայի կողմից Մոսկվային ուղղված հորդորը, որպեսզի ապացույցներ տրամադրեն Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին անցյալ ամիս թունավորվելու մասին:

Պեսկովն ասաց, որ լիարժեք քրեական գործ կարող է հարուցվել միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը թունավորման ապացույց տեսնի. «Մենք չէինք ցանկանա և չենք սիրում, երբ այլ երկրներ մեզ թելադրում են, թե ինչ դատական գործընթացներ սկսենք, երբ և ինչ հիմքերով»:

Հարցին, թե արդյոք Նավալնիի թունավորումը կարող է ազդել առաջիկա տարածաշրջանային ընտրություններում Կրեմլի աջակցությունը վայելող թեկնածուների համբավի վրա, Պեսկովը պատասխանեց, որ կառավարությունը նման «մտահոգություններ» չունի:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենաակնհայտ հակառակորդ Նավալնին օգոստոսի 20-ին Ռուսաստանում ներքին չվերթի ժամանակ ինքնազգացողության կտրուկ վատացումից և մի քանի օր անգիտակից տեղի հիվանդանոցում պառկելուց հետո տեղափոխվել է Գերմանիա:

Քիմիական զենքի գերմանացի փորձագետները պարզել են, որ 44-ամյա տղամարդը թունավորվել է սովետական ժամանակաշրջանում ստեղծված թույնով, ինչն էլ դրդել է Բեռլինին Ռուսաստանից պահանջել հետաքննել գործը:

Պեսկովը նաև հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Ռուսաստան սեպտեմբերի 14-ին Պուտինի հետ հանդիպելու համար: Խոսնակը չի մանրամասնել, թե որտեղ է տեղի ունենալու հանդիպումը:

Ամերիկայի ձայն

Back to top button