ՆորություններՏնտեսական

«Ներկայումս տնտեսությունը գտնվում է լուրջ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ». Սուրեն Պարսյան

«Վարչապետի հայտարարությունը իրականության հետ կապ չունի: Այս տարվա հուլիսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ առևտուրը նվազել է 10,4%-ով, իսկ մանրածախ առևտուրը (խանութներում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական ապրանքների շուկաներում, կրպակներում, այլ առևտրային օբյեկտներում) կրճատվել է 17,6 %-ով. սա բավականին լուրջ և մտահոգիչ ցուցանիշ է, իսկ ծառայության ոլորտը անկում է գրանցել 21,6%, որը մեծ ազդեցություն է թողնելու փոքր և միջին բիզնեսի վրա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը: Վարչապետը հայտարարել էր, որ վիճակագրական ցուցանիշները ցույց են տալիս, որ Հայաստանում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել:

Պարսյանի խոսքերով՝ այսպիսի ցուցանիշների պարագայում չի կարող ՀԴՄ շրջանառությունը 2,5% անկում գրանցել:

«Ներկայումս տնտեսությունը գտնվում է լուրջ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ: Մարդիկ լուրջ սոցիալական խնդիրներ ունեն, և հաջորդ ամիսների ընթացքում ավելի վատ ցուցանիշներ կունենանք, եթե գործող իշխանությունները չվերանայեն իրենց սոցիալ-տնտեսական քաղաքականությունը»,- ընդգծեց տնտեսագետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ Հայաստանում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել նաև կառավարության քայլերի շնորհիվ, որովհետև հակաճգնաժամային ծրագրերի իրականացման շրջանում տնտեսություն է ներարկվել 163,4 մլրդ դրամ:

Փաշինյանի դիտարկմանն ի պատասխան՝ տնտեսագետը հայտարարեց.

«Կառավարության կողմից մշակված կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու ծրագրերը կազմվել էին 1-2 ամսվա համար: Նրանք կարծում էին, որ ճգնաժամը տևելու է 1-2 ամիս, և դրանից հետո կկարողանան նորմալ գրաֆիկով աշխատել, բայց ճգնաժամը տևելու է ոչ թե 1-2 ամիս, այլ մեկ տարուց ավելի, իսկ ճգնաժամի թողած հետևանքների վերականգնումը տևելու է նվազագույնը 2-3 տարի»:

Պարսյանը հիշեցնում է, որ Հայաստանում ունեցել ենք 2 խոշոր ճգնաժամեր (1993-1994թթ., և 2009թ.), երկու դեպքում էլ ճգնաժամի վերականգնումը տևել է տարիներ, և դրա համար ծախսվել են միլիարդավոր դոլարներ՝ պետական բյուջեի հաշվին, ինչպես նաև փոխառությունների տեսքով, և այս կառավարությունը նույնպես գնալու է այդ ճանապարհով՝ ավելացնելով արտաքին պարտքը:

«Ամբողջ խնդիրը նրանում է, որ տնտեսական քաղաքականությունը համադրված չէ: Այսինքն՝ երբ ՊԵԿ-ը խստացված հարկային բռնակցային վարչարարություն է իրականացնում, ապա Էկոնոմիկայի նախարարությունը պետք է զուգահեռ խրախուսման, աջակցման միջոցառումներ իրականացնի. հակառակ դեպքում՝ կստացվի հարկային վարչարարության խստացում»,- եզրափակեց Սուրեն Պարսյանը:

 

Անահիտ Չալիկյան

 

 

 

 

Back to top button
Close