Նորություններ

Մարտի 1-ի գործի հետագա ընթացքը կանգնած է տապալման վտանգի առջև. չի կարելի հասարակությանը հիմարի տեղ դնել. Նորայր Նորիկյան

Մարտի 1-ի գործով նախաքննության, հետագա ընթացքի, մարտի 1-ի գործով զոհերի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների հայտարարությունների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:

«Մարտի 1-ի գործի հետագա ընթացքը կանգնած է տապալման վտանգի առջև, քանի որ 2018թ. հուլիս ամսից մեկնարկած քրեական վարույթով որևէ շոշափելի արդյունք չի արձանագրվել: Մսխվել են պետական միջոցները, առաջադրվել են մարդկանց նկատմամբ մեղադրանքներ ոչ ամբողջական տարբերակով»,- հայտարարեց փաստաբանը:

Ըստ Նորիկյանի՝ իրականացվել է փնթի, անպատասխանատու, մակերեսային, ոչ ամբողջական, ոչ պրոֆեսիոնալ քննություն, և հիմա էլ այդ գործով իրականացվում է դատաքննություն, որի արդյունքը այն է, ինչ տեսնում ենք:

«Մարդասպանները շարունակում են մնալ ազատության մեջ, պատվիրատուները նույնպես ազատության մեջ են: Բացահայտված չէ, թե ովքեր են կրակել ժողովրդի վրա և ում հրամանով, ինչը անելանելի դրություն է առաջացրել տուժողների իրավահաջորդների և իրավահաջորդների ներկայացուցիչների մոտ: Կարծում եմ՝ նրանց զայրույթը արդարացված է:

Ստեղծվել է մի իրավիճակ, ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ առաջիկա 5 տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ այս պահին իրականացվող քրեական գործով չենք ունենալու օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Ինչը նշանակում է՝ հանրության այն սպասելիքները, որ կային այս գործի նկատմամբ, չեն արդարանալու: Մենք գործ ունենք մի գործընթացի հետ, որի վերջաբանը չի երևում»,- շարունակում է Նորիկյանը:

Ըստ փաստաբանի՝ գործի վերջաբանին չհասնելը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով:

«Եթե նորմալ քննություն իրականացվեր, ի սկզբանե խնդիր դրված լիներ, որ պիտի ամբողջապես բացահայտվի «Մարտի 1-ի» հանցագործությունը և պատժվեն  բոլոր հանցագործներն ու մեղավորները, այսօր մենք բոլորովին այլ արդյունք կունենայինք, և երկիրը թաթախված չէր լինի դատաիրավական համակարգի ճգնաժամի մեջ: Ակնհայտ է, որ այս որակով և վարքագծով՝ կոռուպցիայի դեմ տարվող պայքարը չի տալիս ցանկալի արդյունքը, որի պտուղները տեսանելի ապագայում քաղելու ենք»:

Անդրադառնալով՝ Մարտի 1-ի գործով զոհերի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը,  որ երկու տարի շարունակ ԱԱԾ-ից օպերատիվ տվյալների արտահոսք է եղել, և կան սպանություններ, որ չեն բացահայտվել հենց այդ պատճառով, Նորիկյանն ընդգծեց.

«Ես չգիտեմ՝ տուժող կողմի մոտ որտեղից նման տեղեկատվություն և չգիտեմ ինչ տեղեկությունների արտահոսք է եղել: Ես կարծում եմ, որ իրենք եթե հստակ փաստեր ունեն, պետք է ներկայացնեն, և եթե դրա մեջ կլինի քրեաիրավական հատկանիշներ պարունակող տարրեր, իրավասու մարմինները պարտավոր են օրենքով սահմանված կարգով ընթացք տալ և համապատասխան իրավական գնահատականի արժանացնել:

Համակարգային առումով մի բան ակնհայտ է, որ մենք գործ ունենք ուղղակիորեն Մարտի 1-ի գործով գործընթացների տապալման հետ:

Չի կարելի 2 տարի զբաղվել դատարկախոսությամբ, պարբերաբար հանդես գալ մամուլի հաղորդագրություններով՝ գործի ամբողջական բացահայտման մասին, բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անխուսափելիության մասին, բայց 2 տարուց ավելի որևէ շոշափելի արդյունք չարձանագրել:

Ես հռետորական հարց եմ բարձրացնում. Մարտի 1-ի գործով ո՞ւր են այն օլիգարխները, ո՞ւր են այն զինվորականները և այն անձինք, որոնց գործունեության և դերակատարության մասին տարիներ շարունակ մամուլում շրջանառվում էր:

Եթե Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանը որևէ դատավարական կարգավիճակ չի ունենալու, ուղղակի այս ամեն ինչը արդարության տեսանկյունից բումերանգի էֆեկտով հետ է շպրտվելու:

Այսինքն՝ հիմա այդ վարույթում փորձ է արվում հասարակությանը ցույց տալ, որ միայն Ռոբերտ Քոչարյանն է ենթադրյալ մեղավո՞րը, Սերժ Սարգսյանը որևէ առնչություն չի ունեցե՞լ Մարտի 1-ի գործին: Ո՞ւմ են հիմարի տեղ դնում, չի կարելի հասարակությանը հիմարի տեղ դնել»,- եզրափակեց Նորայր Նորիկյանը:

Հիշեցնենք, որ օրերս Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և իրավահաջորդների ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին՝ պատճառաբանելով, որ Մարտի 1-ի հիմնական գործի նախաքննությունը դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close