Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Երբ արվեստագետը պարտադրված է ինչ-որ բան անում, դա իր աշխատանքներից երևում է. Սամվել Գալստյան

Երկրաշարժից 30 տարի անց գյումրեցի գեղանկարիչ Սամվել Գալստյանը ապրում և ստեղծագործում է Սավոյան կոչվող տնակային ավաններից մեկում:

Գեղանկարիչն ասում է. «Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետև ապրում եմ իմ հայրենիքում, զբաղվում եմ իմ սիրած գործով, ունեմ լավ ընտանիք, երեխաներ, բայց որպես նկարիչ երջանիկ չեմ համարում ինձ, որովհետև իմ հնարավորությունների շատ քիչ մասն եմ օգտագործում. ես ֆիզիկապես այդ հնարավորությունը չունեմ»:

Սամվել Գալստյանն ասում է, որ չնայած իր ստեղծագործական կյանքում տեղի ունեցած վերելքներին և վայրէջքներին, երբևէ չի մտածել, որ թողնի նկարելը. «Եթե թողնեմ նկարչությունը, պետք է թողնեմ ինձ, ամպլիտուտները միշտ էլ լինում են…»,- ասում է նա:

Գալստյանի խոսքերով՝ նկարիչ չեն դառնում, այլ ծնվում են, որովհետև նկարել իմանալը այլ բան է, նկարիչ դառնալը՝ այլ: Նկարիչ լինելը Աստծո կողմից տրված շնորհ է՝ տեսնելու և զգալու մասին, որովհետև շատերը կարող են նայել, բայց չտեսնել:

«Ես փոքր էի, 4-5 տարեկան, քույրս հեքիաթներ էր հորինում և այդ հեքիաթները նկարում էր: Ես նայում էի իր աշխատանքներին, ինչ-որ տեղ նախանձում էի, հրապուրվում ու ասում էի՝ տեսնես ես էլ մի օր այսպես կկարողանա՞մ նկարել: Փորձեցի նկարել, կարծես թե ինձ մոտ չէր ստացվում: Հետո փորձերս կամաց-կամաց արդյունք ունեցան:

Մի դեպք պատմեմ. «Սլաբոդկա» թաղում եմ ծնվել, և երբ գյուղից նախիրը տանում էին սարերը, մեր ճանապարհով էին գնում-գալիս անասունները, և նրանց հետ մի մոլորված հովվաշուն կար, մտել էր մեր հարևանի միջանցքը ու դուրս չէր գալիս: Տան տերերը տանը չէին, եկան, իրենց տեղյակ պահեցինք, որ տանը մեծ շուն կա: Տան տերը որսորդ էր, բակի կողմից ներս մտավ, հրացանով շանը կրակեց: Հետո մենք երեխեքով այդ տեսարանը տեսնելով՝ շատ հուզվեցինք:

Հաջորդ օրը իմ լավ ընկերներից մեկը, ով ինձնից մի քանի տարի մեծ էր և նկարչական դպրոցում էր սովորում, նկար էր նկարել՝ բերետով շուն, կողքին սև ժապավեն: Շատ սիրուն, հեքիաթային դիմանկար էր նկարել: Ընկերս դիմանկարը ցույց տվեց մեր հարևանի գեղեցիկ աղջիկներին, և այդտեղ նախանձը կրծեց հոգիս, թե ես ինչու պիտի այդպես նկարել չկարողանամ: Եվ այդ օրվանից ես հաստատ որոշեցի, որ պիտի նկարեմ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է գեղանկարիչը:

«Մի անգամ տատիս էի նկարում, շատ կոլորիտային կին էր՝ թե՛ լեզուն, թե՛ նիստուկացը: Նա հեքիաթ էր պատմում, իսկ ես նստած իրեն էի նկարում:

Հորեղբայրս գաղտնի հետևում էր այդ պրոցեսին, համարյա վերջացրել էի նկարը, երբ նա ձեռքիցս վերցրեց թուղթը և ասաց՝ եթե չտեսնեի, որ դու ես նկարում, հնարավոր է, որ չհավատայի: Այդ օրվանից ասաց, որ ինձ նկարչական դպրոց են տանելու:

Քննություն հանձնեցի և միանգամից բարձր դասարան (4-րդ) նստեցի:

Սկսվեց իմ՝ որպես նկարիչ ձևավորման փուլը: Սովորեցի, գերազանցությամբ ավարտեցի և ընդունվեցի բուհ:

Դեռ ուսանողական տարիներից մասնակցում էի ցուցահանդեսների»,- ասում է Գալստյանը:

Նրա ստեղծագործության առանցքում են Գյումրու կոլորիտային վայրեր, տնակային ավաններ, եկեղեցիներ:

Գեղանկարիչն ասում է՝ ստեղծագործելիս արվեստագետի համար ոգեշնչվելուց ավելի կարևոր է ազատ տարածք ունենալը, որովհետև երբ արվեստագետը պարտադրված է ինչ-որ բան անում, դա իր աշխատանքներից երևում է:

Գյումրեցի գեղանկարիչը երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ, ինչպես նաև արտ-թերապիայով: Հիմա էլ նկարչական ստուդիա ունի, որտեղ ուսանում են կերպարվեստով հետաքրքրված երեխաները:

«Ստուդիան ձևավորվեց այն պահին, երբ թոշակի անցնելու պատճառով նկարչական դպրոցից դուրս եկա: Երեխաները կապվել էին ինձ հետ, և նրանց ծնողների խնդրանքով ես երեխաների հետ շարունակեցի պարապել:

Մեր ստուդիան պայմանականորեն անվանել ենք տնակային գեղարվեստի ակադեմիա:

Երեխաները նկարելուց բացի սովորում են նաև պլաստիկ անատոմիա, որը կարևոր առարկա է ակադեմիական նկարչության մեջ:

Երեխան պետք է հասկանա, թե մարմնի մասը ինչ կառուցվածք ունի, նորմալ համաչափությունը և այլն:

Երեխայի աշխատանքն եմ նայում և արդեն զգում են՝ ինչ կարգի ընդունակությունների տեր է:

Եղել են նաև աշակերտներ, որ իմ խորհրդով չեն շարունակել զբաղվել նկարչությամբ»,- եզրափակեց գեղանկարիչը:

                              Անահիտ Չալիկյան

 

Back to top button