Նորություններ

«Հաշվի առնելով պատերազմի փոփոխվող բնույթը, հակառակորդի ագրեսիվ նկրտումները՝ ցանկացած սցենարի պետք է պատրաստ լինել». Ա. Հովհաննիսյան

Օգոստոսի 25-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որոնցով առաջարկվում է Հայաստանի ամբողջ տարածքում ստեղծել աշխարհազոր։

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱն զրուցել է ՊՆ ռազմական վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

«Տարիներ ի վեր մեր կատարած զորավարժությունները, վարած մարտական գործողությունները, դրանց առջև ծառացած խնդիրները, լուծման բանալիները հաշվի առնելով, պատերազմի փոփոխվող բնույթը, հակառակորդի ագրեսիվ նկրտումները՝ եկանք այն եզրակացության, որ մարտական պատրաստության մեջ գտնվող զինված ուժերին անհրաժեշտ են պահեստազորայիններ: Ինչպես ցանկացած բանակում, այնպես էլ երկրի ապահովման համար պատուհան է բացվում աշխարհազորի համար, որի հիմնական գործառույթը լինելու է ոչ թե մարտական, այլ քաղաքացիական պաշտպանության ապահովման խնդիրը:

Աշխարհազորը իրենից ենթադրում է տարբեր պատճառներով պահեստազորում չընդգրկված քաղաքացիների ստորաբաժանում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ Զինված ուժերը իրենց հիմնական մարտական խնդիրը լուծել և լուծելու են մարտական պատրաստության մեջ գտնվող ստորաբաժանումների, միավորումների, զորախմբերի միջոցով:

Հովհաննիսյանն անդրադառնալով աշխարհազորի ստեղծման գաղափարի վերաբերյալ մտահոգություններին՝ հայտարարեց.

«Ովքեր մտահոգվում են, թե եթե բանակն ունի բարձր մարտունակություն, ինչի համար է ստեղծվում աշխարհազորը, պիտի ասեմ, որ այդ մարդիկ բանակից բան չեն հասկանում:

Աշխարհազորը ուրիշ խնդիրներ է լուծում, բանակը՝ այլ: Աշխարհում ոչ մի երկրի խաղաղ օրերի բանակը պատերազմական իրավիճակում միայնակ չի գործում: Բոլոր բանակներում ներգրավվում են պահեստազորը կամ աշխարհազորը:

Պաշտպանության նախարարությունը, զինված ուժերը, գլխավոր շտաբը անում են մարտական պատրաստվածություն ապահովող միջոցառումներ՝ նպատակ ունենալով բնակչությանը, զինված ուժերին պատերազմական գործողություններին պատրաստել, որովհետև ցանկացած սցենարի պետք է պատրաստ լինել»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ աշխարհազորի կազմում կարող են ներգրավված լինել մինչև 70 տարեկան մարդիկ, ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, ովքեր հաշվառված չեն պահեստազորում:

Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց. «Ովքեր ունեն մտահոգություններ, թող ներկայացնեն. օրենքը դեռևս ընդունված չէ և քննարկման փուլում է, թող իրենց մտահոգությունները ներկայացնեն ՀՀ կառավարություն, Պաշտպանության նախարարություն»:

Անահիտ Չալիկյան

Back to top button