Նորություններ

Բավական է պարզ հայացքով նայել օրենքներին, և կտեսնենք, թե ինչպես է բարի ցանկության տակ թաքնված պատիժը. փաստաբան

«Փաթեթը և՛ բովանդակությամբ, և՛ բնույթով, և՛ հետևանքներով, կոչված է հանրությանը կրկին անգամ ցույց տալու, որ պետությունը (իշխանությունը) պատժիչ գործառույթներ իրականացնող, մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանափակող կառույցների և մարմինների մի ամբողջություն է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից ընդունված «Արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու մասին» նախագծին:

«Օրենսդրական փաթեթը առերևույթ կոչված է «բնակչության պաշտպանությանը»։ Սակայն, ընթերցելով այդ ակտերը, պարզ է դառնում, որ «բնակչության պաշտպանության» անվան կամ քողի տակ իրականում օրենքները նախատեսում են բացառապես սահմանափակումներ, ստուգումներ, տուգանքներ, պատիժներ, նաև՝ ազատազրկում: Ոչ մի խոսք իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին։ Ոչ մի խոսք անձանց և տնտեսվարող սուբյեկտների սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին։ Զարմանալու ոչինչ չկա. տասնամյակներ շարունակ հասարակությունը կառավարվել է բացառապես այդ սկզբունքով։

Բավական է պարզ հայացքով նայել օրենքներին, և կտեսնենք, թե ինչպես է բարի ցանկության («բնակչության պաշտպանության») կարգախոսի տակ թաքնված պատիժը։ Օրինակ՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի համաձայն՝ կարանտին կարող է սահմանվել կառավարության, Երևանի քաղաքապետի կամ մարզպետի որոշմամբ, ինչը ենթադրում է անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումներ, այն իրավունքների սահմանափակումը, որը երաշխավորված է սահմանադրությամբ և օրենքներով։ Սույն դեպքում, սակայն, դրանք կարող են սահմանափակվել որոշմամբ»,- հայտարարեց Պապիկյանը:

Փաստաբանի կարծիքով՝ օրենսդրական փաթեթի ընդունման հապճեպությունը հանգեցրեց նաև նրան, որ դրանք շատ դեպքերում լեցուն էին ներքին հակասություններով։

«Օրինակ՝ կարանտինային սահմանափակումները չեն կարող խոչընդոտել մի շարք պետական ինստիտուտների բնականոն գործունեությունը, որի մեջ ներառված չէ նախագահի ինստիտուտը։ Այսինքն՝ ԱԺ-ն կարող է աշխատել բնականոն, ընդունել օրենքներ, որը կարող է և չստորագրվել նախագահի կողմից։ Չկա որևէ պատճառաբանություն, թե ինչու պետք է սահմանափակվի կամ խոչընդոտվի նախագահի ինստիտուտի բնականոն գործունեությունը»:

Ըստ նրա՝ իրավական տեսանկյունից խնդրահարույց է նաև այն, որ կարանտինի պայմանի խախտումը կարող է առաջացնել նաև քրեական պատասխանատվություն, կամ այլ կերպ ասած՝ մարզպետի որոշման (և ոչ թե սահմանադրության կամ օրենքի) խախտումը քրեական հետապնդման հիմք է։

«Օրենքների փաթեթը թույլ է տալիս եզրակացնել, որ քաղաքական իշխանությունը մտահոգված կամ անհանգստացած է բացառապես առողջապահական խնդիրներով, և պարզ չէ, թե ինչպես է ապահովվելու մեկուսացված (ինքնամեկուսացված կամ օբսերվացիայի ենթարկված) անձի պաշտպանությունը. սոցիալական, տնտեսական, այլ։ Նույնը վերաբերում է նաև տնտեսվարող սուբյեկտներին։ Ոչ մի երախշիք նախատեսված չէ, և ենթադրաբար դրանց լուծումը թողնված է կառավարության բարեհաճությանը»,- եզրափակեց Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը օրեր առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ըստ որի արտակարգ դրության ռեժիմը փոխարինվելու է կարանտինով:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close