ՄիջազգայինՆորություններ

«Դա ամեն ինչ ասում է նրա մասին». Սերբիայի նախագահը Մարիա Զախարովայի գրառումը որակել է «պրիմիտիվ և գռեհիկ»

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած բանակցությունների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Facebook սոցիալական ցանցում կատարած գրառումը որակել է «պրիմիտիվ և գռեհիկ»:

Սերբական պետության ղեկավարի խոսքով՝ ենթագիտակցությունն ամենից շատ է խոսում տվյալ մարդու մասին: «Մարիա Զախարովան ամենից շատ դա ասել է իր մասին: Այդ պարզունակությունն ու գռեհկությունն ամեն ինչ ասում է գրառումը հրապարակողի մասին»,- նշել է Վուչիչը:

Միևնույն ժամանակ, Սերբիայի ղեկավարն ասել է, որ ինքը մտադիր չէ պատասխանել Զախարովային և չի հասկանում, թե ինչու է նա այդպես արձագանքել, քանի որ Վաշինգտոնում ընթացող բանակցությունները, նրա կարծիքով, շատ հաջող են ընթացել:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա  Զախարովան ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր մի կոլաժ, որի վերին մասում պատկերված էր աթոռին նստած Վուչիչը՝ Օվալաձեւ գրասենյակում գտնվող Թրամփի սեղանի առջև, իսկ ներքևում «Հիմնական բնազդ» կինոնկարից մի դրվագի լուսանկար, որում Շերոն Սթոունը նստած է հայտնի դիրքով:

«Եթե ձեզ կանչում են Սպիտակ տուն, և աթոռը տեղադրվում է այնպես, կարծես հարցաքննության եք, նստեք այնպես, ինչպես 2-րդ լուսանկարում, ով էլ որ դուք լինեք: Ուղղակի հավատացեք»,- գրել էր Զախարովան:

Աղբյուր՝ dw.com

Back to top button
Close