Նորություններ

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. բախվել են Touareg-ն ու տրակտորը. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 19:50-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենան և տրակտորը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի պաշտոնակատար Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսենյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննիչ Արսենյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տրակտորիստի, Touareg-ի վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close