Նորություններ

«Միակ դրական տեղաշարժը Դավիթ Մելիքբեկյանի հարցաքննությունը կարող է լինել». մահացած զինծառայողի իրավահաջորդի շահերի պաշտպան

Ազգությամբ եզդի զինծառայող Արթուր Աջամյանի գործի քննության ընթացքի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է պաշտպան Հայարփի Սարգսյանի հետ։

«Գործն առայժմ փորձաքննությունների իրականացման փուլում է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիրավոր զինծառայող Դավիթ Մելիքբեկյանը գիտակցության է եկել, դրական եմ գնահատում սպասվող իրադարձությունները։

Դատաձգաբանական փորձաքննության արդյունքում պարզվեց, որ 4 տարբեր անձանց զենքերից այդ օրը կրակվել է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց մահացած զինծառայող Արթուր Աջամյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը։

Հայարփի Սարգսյան

Սարգսյանի խոսքով՝ միակ դրական տեղաշարժը Դավիթ Մելիքբեկյանի հարցաքննությունը կարող է լինել։

«Դավիթ Մելիքբեկյանը շուրջ մեկ ամիս առաջ է գիտակցության եկել, տեղափոխել են վերականգնողական կենտրոն։ Ներկայումս չի կարողանում խոսել, դեռ բուժման մեջ է։

Սեպտեմբերի 3-ին այցելել ենք իրենց տուն, տուժող կողմերը հանդիպեցին. պարզվում է, որ երկու զինծառայողները լավ հարաբերությունների մեջ են գտնվել»,- հայտնեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ շարժառիթ անգամ չի եղել միմյանց վնասելու։

Փաստաբանն ընդգծեց, որ գործի ընթացքը չի գոհացնում: «Համաճարակով պայմանավորված՝ շատ գործողություններ ձգձգվեցին։ Բացի այդ, ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան, եթե սայլը տեղից չշարժվի, ստիպված կլինեմ բողոք ներկայացնել»,- եզրափակեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 2-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել 1998թ. ծնված ՊԲ զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանը։ 1999թ. ծնված զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր:

Արթուր Աջամյանի հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ և կառավարության շենքերի դիմաց, այնուհետ հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վարչապետ Փաշինյանը խոստացել էր, որ իրականացվելու է օբյեկտիվ քննություն:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close