Նորություններ

«Իշխանություններն ինչ-որ ցայտնոտային վիճակում են, չգիտեն՝ ինչ են անում, կամ չգիտեն՝ որ ոլորտն ում է հանձնված». իրավապաշտպան

«Այն սահմանափակումները, որոնց հնարավորությունը ստեղծվեց երեկվա քննարկումների և քվեարկությունների հրատապության արդյունքում, հիմա արդեն կարող են օգտագործվել տարբեր իրավիճակներում»: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ի կողմից ընդունված «Արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու մասին» նախագծին:

Նրա խոսքով՝ նոր սահմանափակումները կարող են կիրառվել ըստ տարածաշրջանների, քաղաքների և իշխանությունների նպատակահարմարության, և հիմա արդեն մտավախություն կա, որ առանձին հարցեր լուծելու համար է նախատեսված:

Ըստ Կարապետյանցի՝ եթե նախկինում սահմանափակումները բացատրվում էին բացառապես համավարակով կամ համավարակի դեմ պայքարով, հիմա օրենսդրական նախաձեռնությունից բխող սահմանափակումները մտահոգվելու առիթ են տալիս:

«Ես կարծում եմ, որ այն կարող է կիրառվել, և ամենայն հավանականությամբ, այդ արհեստական սահմանափակումները կիրառվելու են Ամուլսարի խնդիրը լուծելու համար»,- նշեց իրավապաշտպանը:

Նինա Կարապետյանցի կարծիքով՝ օրենքում չափից դուրս հնարավորություններ է տրված սահմանափակումների տեսակետից:

«Պառլամենտական վերահսկողությունը պիտի երևա, չնայած պառլամենտի հետ հույսեր չեմ կապում, որովհետև ցույց տվեց, որ կարևորագույն հարցերի, հանրությանն անհանգստացնող խնդիրների շուրջ անհաղորդ է մնում:

Բայց միևնույնն է, զուտ ֆորմալ առումով վերահսկողության հնարավորություն չկա: Որոշ խնդիրների բողոքարկման հնարավորություն է ստեղծվել, բայց բոլորս էլ գիտենք, թե ինչպես է աշխատում դատարանը, ինչքան վստահություն ունի և ինչ նպատակի է ծառայում դատական համակարգը:

Ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը, թղթի վրա կարծես թե կարելի է համարել, որ ամեն ինչ նորմալ է, բայց թե ինչ կլինի իրական կյանքում, ես մտավախություն ունեմ»,- ընդգծեց Կարապետյանցը:

Ըստ նրա՝ եթե լինեն հիվանդության սրացումներ, իհարկե պիտի լինի գործիքակազմ, որով պիտի աշխատեն, սակայն անհանգստացնում է այն հանգամանքը, որ շատ առանցքային խնդիրների շուրջ կառավարությունը, ԱԺ-ն, բոլորը լռում են և անհաղորդ են:

«Մարտ ամսից, երբ նոր էր մտցվել արտակարգ դրության ռեժիմը, այդ ժամանակվանից սկսած պետք է նման օրենքների նախագծերի փաթեթները դնեին քննարկման:

Պետք է ժամանակ տրվեր քննարկելու, հանրային քննարկումներ անցկացնելու, տեսակետներ հայտնելու, բայց այդ ամեն ինչն արվում է հրատապ կերպով:

Սա խոսում է նրա մասին, որ իշխանություններն ինչ-որ ցայտնոտային վիճակում են, չգիտեն՝ ինչ են անում, կամ չգիտեն՝ որ ոլորտն ում է հանձնված»,- եզրափակեց Կարապետյանցը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ըստ որի արտակարգ դրության ռեժիմը փոխարինվելու է կարանտինով:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close