ՆորություններՍպորտ

Մխիթարյան․ Ռոմա գալուս առաջին իսկ օրվանից զգացել եմ երկրպագուների աջակցությունը

«Արսենալին» պաշտոնապես հրաժեշտ տալուց ու որպես հիմնական ֆուտբոլիստ «Ռոմա» տեղափոխվելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել իտալական ակումբի մամուլի ծառայությանը։

Հարցազրույցի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։ 

-Առաջին մրցաշրջանում ի՞նչ իմացաք Ա Սերիայի ու իտալական ֆուտբոլի մասին։

-Կարող եմ ասել, որ Իտալիայում ֆուտբոլը թերագնահատում են։ Այն այնպիսին չէ, ինչպիսին դրա մասին մտածում ու խոսում են մարդիկ։ Մինչ այստեղ գալս, շատ կարծիքներ էի լսել, համաձայն որոնց, Ա Սերիան բավականաչափ լավը չէ, որ թիմերն այստեղ բավականաչափ լավը չեն․․․

Բայց կարող եմ ասել, որ նրանք շատ են սխալվում։ «Սասուոլոյի» դեմ առաջին խաղից ես հասկացա, որ իտալական ֆուտբոլը շատ ավելի ուժեղ է, քան դրա մասին մտածում են։

Իսկապես տպավորված էի խաղացողների որակով, նույնիսկ ավելի ցածրակարգ թիմերը որոշ հիանալի խաղացողներ ունեն։ Բոլոր թիմերն ուզում են տիրել գնդակին, հարձակվել, նրանք միայն չեն պաշտպանվում ու սպասում, թե մրցակիցը, երբ կսխալվի։ Փոխարենը նրանք փորձում են ֆուտբոլ խաղալ, վայելել խաղն ու միավորներ վաստակել։

Ինձ համար դա իսկապես տպավորիչ էր, որովհետև այդքան բարձր մակարդակ բոլոր թիմերից չէի սպասում։ Ես բավականություն եմ ստանում Իտալիայում ֆուտբոլ խաղալուց ու լավ եմ զգում տարբեր թիմերի դեմ խաղալուց։

-Ակնհայտ է, որ այս մրցաշրջանն առանց երկրպագուների կմեկնարկի, բայց պետք է հուսալ, որ նրանք շուտով կվերադառնան «Օլիմպիկո»։ Նախորդ մրցաշրջանում ի՞նչ տպավորություն թողեցին երկրպագուները․ ձեր դեբյուտային խաղում գոլ խփելն ակնհայտորեն օգնեց ձեր մասին հայտարարել։

-Հիանալի զգացողություն էր։ Իհարկե, ցավալի է տեսնել, որ մարզադաշտերը դատարկ են, որովհետև մենք մեր երկրպագուների համար ենք խաղում և մենք ուզում ենք, որ մեր երկրպագուները տեսնեն մեր խփած գոլերն ու հաղթած խաղերը։ Ուզում ենք տալ նրանց այդ երջանկությունն ու դրական զգացողությունները։

Բայց պիտի հասկանանք այն ամենը, ինչ կատարվում է հիմա, որ ամեն ինչ նրանց համար է արվում, որպեսզի ապահով լինեն ու վարակվելու վտանգ չլինի։ Ուստի, պիտի հուսանք, որ հնարավորինս շուտ այս խնդիրը կլուծվի, իսկ հետո հույս ունեմ, որ շատ շուտ նրանց կտեսնեմ մարզադաշտում՝ թիմին աջակցելիս։

-Սոցցանցերում զգացե՞լ եք նրանց աջակցությունը, թեև մարզադաշտերից բացակայում են։

-Այստեղ գալուս առաջին իսկ օրվանից զգացել եմ երկրպագուների աջակցությունը։ Ուր որ գնացել եմ՝ մարզադաշտ, քաղաքում ինչ-որ տեղ, ռեստորաններ, նույնիսկ սոցցանցերում, զգացել եմ նրանց աջակցությունը։ Կարող եմ ասել, որ նրանց համար ակումբը տարերք է և ես շատ ուրախ եմ, որ նման երկրպագուներ ունենք, որովհետև պիտի իսկական երկրպագուներ ունենաս, որ լավ զգաս ու լավ խաղ ցուցադրես նրանց համար։

-Թիմն այս տարի համալրեց Պեդրոն, որին ծանոթ եք Պրեմիեր լիգայից։ Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ որակներ նա կբերի թիմին։

-Հիանալի խաղացող, հիանալի մարդ։ Դեռևս երկար խոսելու ժամանակ չենք ունեցել, բայց վստահ եմ, որ շուտով կունենանք։ Բայց որպես խաղացող՝ բոլորը գիտեն, որ նա հիանալի է, իր ֆուտբոլային կարիերայում նա գրեթե ամեն ինչ հաղթել է, խաղացել է լավագույն թիմերում՝ «Բարսելոնայում», «Չելսիում», հիմա էլ՝ «Ռոմայում»։ Ուստի, կարծում եմ, նա մեծ ներդրում կունենա ու կօգնի մեզ հասնել այս մրցաշրջանի մեր նպատակներին։

Իհարկե, պիտի օգնենք նրան, որ արագ հարմարվի ու պատրաստ լինի նոր մրցաշրջանին, բայց վստահ եմ, որ նրա պես խաղացողներով մենք լավ մրցաշրջան կունենանք։

armsport.am

Back to top button
Close