Ալկոհոլի թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանին կալանքի միջնորդությունը կքննվի այսօր. նա ներկա չի գտնվի նիստին

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանավորելու միջնորդության գործով նիստը նշանակված է այսօր երեկոյան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը։
Նշենք, որ Աշոտ Հովսեփյանը վարակվել է կորոնավիրուսով եւ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ չի կարող ներկա գտնվել նիստին:
«Որպես անհետաձգելի դատավարական գործողություն՝ կալանավորման միջնորդության քննարկումը անհետաձգելի ու անհապաղ է, նիստն այսօր է նշանակված, բայց առանց նրա ներկայության դատարանը չի կարող որոշումը հրապարակել: Ես կմասնակցեմ նիստին եւ կհասկանանք` ինչ է լինելու»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը ընկած հատվածում հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին. ալկոհոլային թունավորման 38 դեպք՝ Արմավիրում, Կոտայքում, Երեւանում, որից 14-ը՝ մահվան ելքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: