Գյումրիում վաղ առավոտից մթնոլորտը տոնական է

Գյումրին այն քաղաքներից է, որը հյուրերին գրավում է իր առանձնահատուկ կոլորիտով և հյուրընկալությամբ: Գյումրի այցելած ցանկացած զբոսաշրջիկ խոստովանում է՝ միանգամից սիրում է քաղաքը:
Այս տարի, համավարակով պայմանավորված, «Իմ սեր Գյումրի» խորագիրը կրող տոնակատարության ձևաչափը փոխվել է, մշակութային միջոցառումներն անցկացվել են առցանց տարբերակով:
Էլ ինչ տոն առանց նվերների: Հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևից և կարկուտից առավել տուժած 6 գյումրեցի ընտանիքների Գյումրու համայնքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում հանձնվեցին բնակարանի բանալիներ:
Վարդուշ Իբրաջյանի 5 հոգանոց ընտանիքը սոցիալական բնակարանի շահառուներից է: Ասում է՝ տնակում միշտ էլ անձրևից հետո կաթոցներ եղել են, բայց հուլիսի 13-ին տեղացած անձրևն այլևս հնարավորություն չի թողել, ամբողջ տունը ջրի մեջ է եղել:
Գյումրիում հանդիսավոր կերպով բացվեց օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը, վերաբացվեց Մայր Հայաստան հուշահամալիրը: Մյուս կարևոր ձեռքբերումը գյումրեցիների համար «Գյումրու պատմության թանգարանի», «Գյումրու կենտրոնական գրադարանի» և «Գյումրու համայնքային ցուցասրահի» բացումն էր: