ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Երեխան անուշ որդունք չէ, որովհետև որդի հետ ինչպես ուզենան, այնպես կվարվեն. հոգեբան

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում «Արևամանուկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հոգեբան-հոգեվերլուծող Արմինե Գմյուր-Կարապետյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ընտանեկան բռնության դեպքերին: Օրեր առաջ Խաշթառակում ծեծի հետևանքով մահացավ 6-ամյա փոքրիկ:

Հոգեբանի խոսքերով՝ պետությունը շարունակական անելիք ունի այն ընտանիքներում, որտեղ կան երեխաներ: Հասարակությունն իր հերթին չպետք է ընդունի պասիվ կեցվածք, երբ տեսնում է, որ հարևանի ընտանիքում տեղի է ունենում բռնություն:

«Երեխան ծնողի սեփականությունը չէ: 1989 թվականից երեխան այլևս անդառնալիորեն իրավունքի սուբյեկտ է: Նա այլևս ցանկալի սեփականություն չէ, նա այլևս սիրելի, հաճելի մի բան չէ, որով մեծահասակները իրենց բոլոր բնազդները բավարարում են: Նա նույնիսկ սեփականություն չէ հղիության ընթացքում: Մեր ազգամշակութային մտածողության մեջ անուշ որդունքի (որդ) երևույթը այլևս չի կարող գոյություն ունենալ, որովհետև որդի հետ ինչպես ուզենան՝ կվարվեն»:

Լանզարոտի կոնվենցիան, որի նպատակը երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների կանխարգելումն է, արժանացավ բազմաթիվ քննադատությունների: Հոգեբանն ասում է՝ կոնվենցիաները երբեք ելք չեն կարող լինել, եթե հասարակությունը շարունակի հանդուրժել կամ արդարացնել բռնությունը:

«Պետք է անընդհատ լինի իրազեկումն ու աշխատանքը: Մեղվի նման պետք է բզզան երեխայի իրավունքներով զբաղվող մասնագետները: Պետությունը պետք է աշխատի: Դա լայնամասշտաբ իրազեկման արդյունքում պետք է ստացվի. ուսուցիչները, մանկաբույժները, երեխաների խնամքով, դաստիարակությամբ և զարգացմամբ զբաղվող ցանկացած մասնագետ, ոստիկանը… իրենք պետք է պարբերաբար, ոչ մեկանգամյա դասընթացներ անցնեն»,- ասում է Արմինե Գմյուր-Կարապետյանը:

Back to top button
Close