Նորություններ

Խոշոր ավտովթար Երևանում․ Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառին․ կա վիրավոր

Այսօր, սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Անհաղթ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, այնուհետև՝ բախվել երկաթե էլեկտրասյանն, ու առաջ ընթանալով, բախվել և կոտրել է տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին (գիշերային) հերթափոխի պատասխանատու Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ ՃՈ ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button