Նորություններ

«Որքան էլ ամրապնդվի և կատարելագործվի մեր բանակը, այնուամենայնիվ, ողջ բնակչությունը պետք է աշխարհազորի տեսքով նույնպես պատրաստ լինի գոյության պաշտպանության համար»

«Ապրելով վտանգված իրավիճակում, համապարփակ և  ամբողջական վտանգի ներքո, երբ վտանգված է ոչ միայն մեր անկախ, ինքնիշխան պետական գոյությունն ու մեր ազատությունը, այլև վտանգված է յուրաքանչյուրիս կյանքը թուրք-ադրբեջանական շրջանակի կողմից, և դա ուղիղ կերպով մեզ սպառնացող  իրողությունն է, բնականաբար, ՀՀ յուրաքանչյուր  քաղաքացի, յուրաքանչյուր ընտանիք պետք է ռազմական միավոր լինի վատթարագույն զարգացումների պարագայում՝ համընդհանուր անվտանգության դեր կատարելով պատերազմական սպառնալիքի պարագայում»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ-ի կողմից հանրային քննարկման դրված աշխարհազորի ստեղծման օրենքի նախագծին:

Ըստ քաղաքագետի՝ յուրաքանչյուր քայլ, որը միտված է Հայաստանի ռազմական անվտանգության ապահովմանը, միանգամայն ողջունելի է:

«Աշխարհազորի կողքին ես կցանկանայի տեսնել նաև  ԶՈՒ պահեստազորի բարեփոխում, որովհետև հենց ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ ռազմական անսպասելի իրավիճակի դեպքում լավ մշակված չեն ՀՀ մոբիլիզացիոն մեխանիզմները: Մինչդեռ ՀՀ Զինված ուժերը պետք է լավ մշակած լինեն արագ և արդյունավետ զինվորական մոբիլիզացիա, մեխանիզմներ, ինչը այսօր, ցավոք սրտի, պատշաճ իրավիճակում չունենք:

Նախ և առաջ էապես պետք է  կատարելագործվեն և բարեփոխվեն զինված ուժերի պահեստազորային և մոբիլիզացիոն մեխանիզմները:

Ես ողջունում եմ աշխարհազորի ստեղծման գաղափարը, հուսանք, որ այն չի մնա հռչակագրային բարի ցանկությունների թվարկում, այլ կիրագործվի»:

Ըստ Քանանյանի՝ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ օջախ ինքն իր մեջ առանձին պիտի պատրաստ լինի որպես ռազմական միավոր մեր ազգային գոյությանը սպառնացող վտանգին դիմագրավելու համար:

Քաղաքագետը, անդրադառնալով աշխարհազորի ստեղծման գաղափարի վերաբերյալ մտահոգություններին, հայտարարեց.

«Ես անհիմն եմ համարում մտահոգությունները, նույնիսկ չարակամ և վտանգավոր են այդ մտահոգություններն ու դատողությունները, որովհետև մեզ սպառնացող վտանգներն՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, այնքան մեծ են, որ գոյություն ունի ներկա ռազմական կարողությունների շատ լուրջ անհամաչափություն:

Ինչքան էլ մենք զարգացնենք մեր կանոնավոր զինված ուժերը, ինչքան էլ համալրենք լավագույն սպառազինությամբ, ինչքան էլ բարձր մարտական պատրաստվածություն ունենան հատուկ նշանակության ջոկատները, պայմանագրային զորամիավորումներն ու զորախմբերը, այնուամենայնիվ, համընդհանուր վտանգի ժամանակ մենք միայնակ կարող ենք հանդիպել մեզ շրջապատող ցեղասպանական նոր ոտնձգության առջև, և յուրաքանչյուրիս ինքնապաշտպանվելու կարողությունը  լուրջ  և կարևոր դրվագ կդառնա մեր գոյության համար պայքարում:

Հետևաբար որքան էլ ամրապնդվի և կատարելագործվի մեր բանակը, այնուամենայնիվ, ողջ բնակչությունը պետք է քիչ-քիչ կայանալիք աշխարհազորի տեսքով նույնպես պատրաստ լինի գոյության պաշտպանության համար»,- եզրափակեց Քանանյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close