Նորություններ

Երեւանում շենքի փլուզումից տուժած քաղաքացուն մի քանի օրից կվիրահատեն.նրա վիճակը գնահատվում է կայուն

Երեւանի Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզումից հետո փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված քաղաքացիներից մեկը, որը գտնվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում, մի քանի օրից կվիրահատվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Հիվանդի վիճակն այս պահի գնահատվում է կայուն, սակայն վիրահատման ցուցման համար որոշակի գործընթացներ են պետք, հիմա սպասում ենք դրանք ավելի ավարտուն փուլի հասցնելուն, հետո կանցնենք վիրահատական փուլին: Վիրահատությունը արվելու է ստացած կոտրվածքների համար: Այն իրենից շատ մեծ բարդություն չի ներկայացնում, սակայն անհրաժեշտ է վիրահատական միջամտություն»,- ասել է Շուշան Դանիելյանը:

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ում, օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է:

Փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված երկու քաղաքացիները տեղափոխվել էին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որոնցից 41-ամյա Էդգար Մ-ն օգոստոսի 29-ին հիվանդանոցում մահացել է: Դուրս է բերվել նաև նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված` Արթուր Գեորգիի Ղազարյանի դին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով:

Back to top button
Close