Նորություններ

«Ադրբեջանին չի մտահոգում, որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր դաշնակիցն է…». միջազգայնագետ

«Ես վստահ եմ, որ բանակցությունների վերսկսում լինելու է նախարարների միջև, երկու առաջնորդների միջև հանդիպումներ նույնպես լինելու է, համենայնդեպս ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ ակտիվ զբաղվում է այդ ուղղությամբ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսվելուն:

Ադրբեջանում արտգործնախարարի փոփոխությունն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել բանակցային գործընթացի վրա, և Ադրբեջանի կողմից դիվանագիտական ուղեգծի փոփոխություն պե՞տք է ակնկալել, թե՞ ոչ:

Հարցին Սարգսյանն արձագանքեց. «Ադրբեջանի ԱԳՆ նախարարի փոփոխությունն ուղղակիորեն տավուշյան դեպքերի հետ կապ չունի, կարծում եմ՝ նախարարի փոփոխության թեման վաղուց է հասունացել և վաղուց առկա էր Ադրբեջանի ներքաղաքական օրակարգում, այդ պատճառով փոփոխությունը տեղի ունեցավ: Ես, անկեղծ ասած, փոփոխություններ չեմ ակնկալում, որովհետև արտգործնախարարը չէ, որ բանակցային գործընթացի վերաբերյալ կարող է որոշումներ կայացնել կամ լուծել:

Դիվանագիտական տեսանկյունից Ադրբեջանը շարունակելու է այն գիծը, որը որդեգրել է Իլհամ Ալիևի վարչակազմը, և փոփոխություններ ակնկալելը, կարծում եմ, անիմաստ է»:

Վերջին շրջանում Թուրքիան անընդհատ Արցախի և բանակցային գործընթացի հետ կապված հայտարարություններով է հանդես գալիս, ո՞րն է հակամարտությանն ու բանակցային գործընթացին ներգրավվելու այդ բուռն ցանկության նպատակը:

«Թուրքիայի կողմից արված որևէ հայտարարություն նորություն չէ: Նմանատիպ դեպքեր տեղի են ունեցել, երբ Ադրբեջանը փորձել է Թուրքիային ինչ-որ ձևով ներքաշել պրոցեսի մեջ: Այստեղ վախենալու որևէ առիթ չեմ տեսնում, դա տրամաբանական է»:

Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով Պուտին-Ալիև, Պուտին-Էրդողան հեռախոսազրույցներին, նշեց.

«Թուրք-ռուսական հարաբերությունները միայն չեն սահմանափակվում Հարավային Կովկասով և հայ-ադրբեջանական արցախյան հիմնախնդրով: Հազարավոր թելերով այս երկու երկրները կապված են իրար հետ, և բնական է, որ դաշնակիցների միջև դաշնակցային հարաբերություններ են առկա, որոնց վրա պետք չէ զարմանալ:

Ադրբեջանին չի մտահոգում, որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր դաշնակիցն է, որովհետև Ադրբեջանն էլ է Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունեցող պետություն, և դրա մասին Ռուսաստանը բազմիցս հայտարարել է»,- կարծիք հայտնեց միջազգայնագետը:

Սարգսյանը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ուղերձներին, ընդգծեց.

«Ցանկացած տեսակի զորավարժություն հակառակորդին վախեցնելու, սաստելու կամ ինչ-ինչ հարցերում, այսպես ասած, ապացուցելու միտում ունի։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները քաղաքական ուղերձներ էին՝ ուղղված թե՛ ներքին և թե՛ արտաքին լսարանին: Երկու երկրների միջև հարաբերությունների տեսանկյունից կարևոր էին»:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close