ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում նոր մարզահամալիրը Աթաթուրքի անունով են կոչել, բայց պատին Էրդողանի խոսքերն են գրել

Քեմալիստական ուղղվածություն ունեցող թուրքական «Cumhuriyet» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի Բալըքեսիր քաղաքում նոր մարզահամալիր և լողավազան է կառուցվում։

Թերթի հոդվածագրի դիտարկմամբ՝ չնայած էրդողանական Թուրքիայում ամեն տեղից փորձում են վերացնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը, այնուամենայնիվ, այս անգամ նոր կառուցվող մարզահամալիրին հենց Աթաթուրքի անունն են տվել։

Իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունից 5 պատգամավոր մասնակցել են նոր մարզահամալիրի հիմարկեքի արարողությանը։

Մեկ այլ ուշագրավ հանգամանք նույնպես չի վրիպել ընդդիմադիր թերթի ուշադրությունից։ Մարզահամալիրը կրում է Աթաթուրքի անունը, բայց համալիրի պատի վրա Թուրքիայի հիմնադրի «Ես սիրում եմ խելացի, ճարպիկ և բարոյական մարզիկներին» ավանդական խոսքերի փոխարեն տեղ են գտել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը՝ «Սպորտը ոչ հաղթելու մոլուցք է, ոչ էլ պարտվելու երկյուղ։ Սպորտը մեկ բառով՝ ինքնավստահություն է»։

ermenihaber.am

Back to top button
Close