Նորություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Սամվել Մկրտչյանն ազատ է արձակվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Սիսակյանի նախագահությամբ, մերժել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Սամվել Մկրտչյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Մկրտչյանի պաշտպան Սուզաննա Խչեյանը։

Սամվել Մկրտչյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու մեջ:

Ըստ ՀՔԾ-ի՝ մեղադրանքը նույն հիմնարկի կալանավոր, որպես քրեական հեղինակություն հայտնի Վահագն Աբգարյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում է:

Ըստ հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ Վահագն Աբգարյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու իրական դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով` ՔԿՀ պետ Ս. Մ.-ն Հ. Ա.-ին եւ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Զ. Պ.-ին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, այն է՝ հանձնարարել է կազմել իրեն հասցեագրված զեկուցագիր առ այն, թե իբր Վահագն Աբգարյանն իր խցի սանհանգույցից դուրս գալուց հետո սայթաքել եւ վայր է ընկել, ինչի հետեւանքով էլ ստացել է մարմնական վնասվածք: Արդյունքում Զ. Պ.-ն Հ. Ա.-ի օժանդակությամբ կազմել է իրականությանը չհամապատասխանող` վերը նշված բովանդակությամբ կեղծ զեկուցագիրը:

news.am

Back to top button
Close