Նորություններ

«Պետության դերակատարումն այն է, որ պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում պահի ռազմագերիների հարցը՝ կանխելով նրանց կյանքին սպառնացող վտանգը և բռնության ենթարկվելը»

«Կեղծ հոդվածներն ադրբեջանական կողմը «կարում» է մոլորված  հայ սպայի վրա և դրանով ցանկանում է բերել այն հարթության վրա, որ հարթության վրա գտնվում են ադրբեջանցի ահաբեկիչներն Արցախում. այդկերպ նրանք ցանկանում են կատարել  գերիների փոխանակում»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ, քրդագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով գերեվարված հայ սպային մեղսագրվող կեղծ հոդվածներին:

Հովհաննիսյանի խոսքով՝ մինչ այս ադրբեջանական կողմը  բազմիցս է այդ գործողությունները փորձել իրականացնել. մոլորված քաղաքացիական անձը  չի կարող փոխանակվել դիվերսանտի հետ:

«Ադրբեջանը, լինելով անկանխատեսելի, հնարավոր է մեկ ամիս հետո այլ հայտարարություն տարածի, և դժվար է ասել՝ ինչ կարող է լինել: Ռազմագերիներին հայրենիք  վերադարձնելու գործիքակազմ պետությունը չունի: Դրանք իրականացնում են միջազգային հումանիտար կազմակերպությունները: Այսինքն, եթե  պետությունը դիմում է հումանիտար կազմակերպությանը, և կազմակերպությունները սկսում են միջնորդական գործողություններ իրականացնել և որոշակի հավասարակշռության են բերում, այդ բալանսի արդյունքում տեղի է ունենում կամ գերիների փոխանակում, կամ հետ վերադարձ: Այս պարագայում պետության դերակատարումն այն է, որ պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում պահի ռազմագերիների հարցը՝ գերիներին տեսակցել չթույլատրելու մասին անընդհատ բարձրաձայնի, տեսակցելուց հետո նաև պետությունը խնդրի, պահանջի, որպեսզի միջազգային կազմակերպությունները ներկայացնեն առողջության և այլնի վերաբերյալ տեղեկություններ՝ այդպիսով կանխելով ռազմագերու կյանքին սպառնացող վտանգը և այնտեղ բռնության ենթարկվելը»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել էր՝ հայտնվելով ադրբեջանական կողմում:

Ադրբեջանական կողմը հայտարարեց, որ հայ սպան փորձել է դիվերսիա իրականացնել։

Ռազմական փորձագետի խոսքերով՝ տեղանքին անգամ քիչ ծանոթ մարդն էլ կարող է ասել, որ հայկական հաղորդագրությունը իրականությանը համապատասխանում է, ինչը չես ասի Ադրբեջանի տարածած հաղորդագրության մասին:

«Ադրբեջանը հեռահար նպատակ ունի՝  մոլորված սպային ներկայացնել որպես դիվերսանտ և բերել այն հարթության վրա, որում գտնվում են իրենց ահաբեկիչները: Իրականում, այդ տարածքներում շատ բարդ և դժվար է դիվերսիոն գործողություն իրականացնելը, և այնտեղ որևէ գործողություն իրականացնելը ռազմավարական իմաստով անիմաստ է: Այնպես որ,  ռազմական գործողությունը կամ դիվերսիան միանշանակ բացառվում է»:

Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութին, ըստ որի հայ սպա Գուրգեն Ալավերդյանը «խոստովանում» է, որ դիվերսիա է փորձել իրականացնել և պատրաստ է մնալ ու ծառայել Ադրբեջանին, հայտարարեց. «Մոլորված և Ադրբեջանում հայտնված ցանկացած հայ զինծառայող կարող է նմանատիպ և այլ տեսակի նյութեր կարդալ: Ակնհայտ է, որ  հայ ռազմագերուն ստիպել են, որ դա կարդա: Դա անգրագետ շարադրված տեքստ էր: Այս պահին ամենակարևորը մեր ռազմագերու կյանքի պահպանման հարցն է, և պետք է քայլեր ձեռնարկվի և ձեռնարկվում է, որ նա խոշտանգման չենթարկվի:

Այնպես որ, մենք պետք է ոչ թե միանշանակ ընդունենք այն բառերը, որ արտասանվում էին ռազմագերու բերանով, այլ այն ժեստերը, որ անում էր ռազմագերին. պետք է դա  հիմք ընդունել»:

Ըստ Հովհաննիսյանի՝ ադրբեջանական կողմի հրապարակած առաջին տեսանյութը,  որը  ոչ պաշտոնական էր, 40 վրկ. տևողությամբ տեսանյութում ծայրից ծայր խախտվել է «Ռազմագերիների մասին» ժնևյան  կոնվենցիայի բազմաթիվ դրույթներ:

«Պարունակում է իր մեջ  սպառնալիք, ազգային-էթնիկ պատկանելության ծաղրանք, հայհոյանքներ,  և սրա պատասխանատուն պետությունն է: Երբ ռազմագերին գտնվում է այդ պետության սահմաններից ներս, արդեն այդ պետության հովանավորության տակ է գտնվում, և ցանկացած գործողություն՝ անկախ այն հանգամանքից՝ ով է իրականացրել՝ անհատ, թե զինծառայող, դրա պատասխանատուն այդ պետությունն է:

Երկրորդ տեսանյութում ակնհայտ է, որ ռազմագերին չի արտահայտում իր խոսքը, տեսակետները չի արտահայտում: Մինչդեռ ռազմագերին կարող էր իր մտքերը հայերեն շատ լավ, առանց կարդալու շարադրել: Այստեղ էլ ազատ խոսքի սահմանափակում է առկա: Այս առումով Ադրբեջանի կողմից խախտվել են ոչ միայն ժնևյան կոնվենցիայի դրույթներ, այլ նաև՝ որպես հակամարտող կողմ, այն պարտավորությունները, որոնք վստահվել են գերիների նկատմամբ»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մոլորված, այնուհետև ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Ալավերդյանի դեմ Ադրբեջանում  քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի» հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, անդրադառնալով Գուրգեն Ալավերդյանին վերադարձնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հայտարարեց.

«Մենք անձամբ ռազմագերու հետ չենք հաստատել կապ, բայց շարունակում ենք երկխոսությունը երկու կողմերի իշխանությունների հետ: Մեր հիմնական աշխատանքն այն է, որ  մի կողմից իշխանությունների, մյուս կողմից ռազմագերու ընտանիքի հետ մշտապես կապի մեջ լինենք:

Մեր երկխոսության նպատակն այն է, որ հանգամանքները  հաշվի առնելով՝ ինչքան հնարավոր է արագ տեղի ունենա այդ հանդիպումը: Մենք պետք է այցելենք սպային, ունենանք առանձնազրույց, որից հետո կհասկանանք իրավիճակը»,-  նշեց Ամատունին:

 

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close