Նորություններ

«Ինձ սխալ են վիրահատել՝ դարձնելով հաշմանդամ». նախկին զինծառայողը հացադուլ է իրականացնում ՊՆ-ի դիմաց

Արդեն երրոդ օրն է՝ Պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ հացադուլ է իրականացնում նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը՝ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փոխանցեց, որ նախարարը զրուցել է Դավիթի հետ, ցույց տվել խնդրի լուծման ուղիները, իսկ դրանք, ՊՆ խոսնակի հավաստմամբ, իրավական տիրույթում են:

Դավիթը մեզ պատմեց՝ իր խնդիրները սկսվել են 2012թ.-ին, երբ խաղաղապահ զորքերում ծառայության ընթացքում հերթական պարապմունքին ցավեր է զգացել որովայնի շրջանում: Վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Մուրացան» հոսպիտալ, որտեղ և վիրաբույժ Գագիկ Թունյանը վիրահատել է Դավիթին: Վիրահատությունն անհաջող է անցել, 2-րդ վիրահատության անհրաժեշտություն է զգացվել: 8 ժամվա տարբերությամբ այն արվել է, որից հետո Դավիթն ընկել է կոմայի մեջ: Տասը օր անց արթնացել է՝ ձախակողմյան հատվածը պարալիզացված.

Դավիթ Հակոբյանի վերաբերյալ Պն-ից մեզ փոխանցած տեղեկանքի համաձայն նրան վիրահատող բժշկին խիստ նկատողություն է արվել՝ կատարված ծառայողական քննության հիման վրա:

Դավիթն այսօր Պաշտպանության նախարարությունից պահանջում է ֆինանսական միջոցներ տրամադրել՝ բուժումն արտասահմանում շարունակելու համար: Նրան վստահեցրել են, որ բուժումն արդյունավետ է լինելու:

ՊՆ խոսնակն ասում է՝ նախկին նախարարները ևս հանդիպել են Դավիթին, տրամադրել որոշակի աջակցություն:

Այս փաստը Դավիթը ևս չի ժխտում, սակայն պնդում է, որ իրեն մշտապես խոստացել են, որ բուժումը շարունակելու է Գերմանիայում:

Մեզ տրամադրված տեղեկանքում նշված է, որ պաշտպանության նախարարի կողմից որևէ անգամ խոստում չի տրվել Գերմանիայում բուժումը կազմակերպելու վերաբերյալ, փոխարենը նշված է, որ ընդհանուր հաշվով բուժման նպատակով Դավիթին տրամադրված ֆինանսական աջակցությունը կազմում է 1.850.000 ՀՀ դրամ:

Դավիթը մեզ փոխանցեց, որ բազմաթիվ հիվանդանոցներում հետազոտվել է, անցել վերականգնողական կուրսեր, այդ թվում՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Դավիթի խնդիրների մասին զրուցեցինք կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի հետ, ով ևս նշեց, որ նախկինում Դավիթին խոստացել են, որ ուղարկելու են Գերմանիա՝ բուժումը շարունակելու.

Դավիթը մեզ պատմեց նաև, որ 2015 թվականին ռումբի մասին կեղծ ահազանգ է տվել, ինչից հետո 16 ամիս անցկացրել է բանտում: Դավիթն ասում է՝ այդ քայլի պատճառը եղել է իր խնդրի վրա ուշադրություն հրավիրելը:

Հղում կատարելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին՝ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Դավիթի մոտ առկա հիվանդությունը չի զարգացել մարտական գործողություններին մասնակցելիս, ուստի նա չի կարող օգտվել օրենքով սահմանված արտերկրում բուժման իրավունքից:

Back to top button