Նորություններ

ԿԳՄՍ նախարարությունը մտահոգություն է հայտնել առցանց Օլիմպիադայում ՖԻԴԵ-ի որոշումների վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Շախմատի միջազգային ֆեդերացիային` մտահոգություն հայտնելով Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատային ընտանիքի նկատմամբ ՖԻԴԵ-ի կայացրած վերջին որոշումների կապակցությամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչին ուղղված նամակում մասնավորապես ասվում է. «Իմ մտահոգությունն ու հիասթափությունն եմ հայտնում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատային ընտանիքի նկատմամբ վերջերս կայացված որոշումների կապակցությամբ: Մասնավորապես, ՖԻԴԵ-ն մերժեց Հայաստանի բողոքարկումը հետևյալ փաստարկով. «համացանցի կապի որակի և կայունության ապահովումը խաղացողի պատասխանատվությունն է: Օլիմպիադայի ընթացքում այս կետը կիրառելու պրակտիկան արդեն հաստատվել է նախորդ միջադեպերում: Ստեղծված իրավիճակում ցանկացած այլ որոշում հակասում է մրցաշարի կանոնակարգին` ստեղծելով նախադեպ, որը կարող է հանգեցնել հետագա հակասական իրավիճակների»:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է հիմնավոր բացատրություն և բարձրացրել նաև որոշ հարցեր, ՖԻԴԵ-ն որոշում է կայացրել չդիտարկել դրանք: Ցավոք, իրավիճակն ու խնդիրները հետագա զարգացում ունեցան, և ի վերջո ՖԻԴԵ-ն չհետևեց իր նախադեպին և Հնդկաստանի դեպքում խաղերը համարեց չխաղարկված կամ թերի խաղացված, մինչդեռ Հայաստանի դեպքում՝ խաղացողը համարվեց պարտված՝ «ժամանակի» պատճառով: Արդյունքում, ՖԻԴԵ-ն հանդես եկավ աննախադեպ որոշմամբ՝ մրցաշարի հաղթող ճանաչելով և՛ Ռուսաստանին, և՛ Հնդկաստանին:

Մենք դա համարում ենք անարդար և ոչ հետևողական մոտեցում, որը չի ապահովում անդամ երկրների հանդեպ հավասար վերաբերմունքը, ինչը հիմնաքարային է ՖԻԴԵ-ի՝ որպես միջազգային կառույցի պարագայում:

Back to top button
Close