Նորություններ

Ես այս հարցի շուրջ ունեմ իմ տարբերակը. հնարավոր է, որ սպան առևանգվել է ադրբեջանական հետախուզության կողմից. ռազմական փորձագետ

«Հայկական կողմն ասում է, որ սպան մոլորվել է, ադրբեջանական կողմն էլ ասում է, որ դիվերսիա է իրականացրել։ Ես այս հարցի շուրջ ունեմ իմ տարբերակը. հնարավոր է, որ սպան ոչ՛ մոլորվել է, ո՛չ դիվերսիա է իրականացրել, այլ առևանգվել է ադրբեջանական հետախուզության կողմից ինչ-ինչ նպատակներով՝ հաշվի առնելով հուլիսյան իրենց անհաջողությունները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով հայ սպա Գուրգեն Ալավերդյանի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու փաստին:

Ըստ նրա՝ այդ կերպ ադրբեջանցիները փորձում են ցույց տալ, որ իրենք կազմուպատրաստ վիճակում են, դիվերսիա են կանխում։

Արթուր Եղիազարյան

«Ադրբեջանցիները տարիներով փորձում են գերիների փոխանակման խնդիրը լուծել բոլորը բոլորի հետ սկզբունքով։ Քարվաճառում ժամանակին դիվերսիոն խումբ էր ներթափանցել Հայաստանի տարածք, որոնք ժամանակին վնասազերծվել են, բայց նրանք այդ ճանապարհին մարդկանց էին սպանել։ Նրանք իրական դիվերսիա են իրականացրել, և այստեղ է, որ չի կարող խոսք լինել բոլորը բոլորի հետ փոխանակելու մասին»,- նշեց Եղիազարյանը։

Ռազմական փորձագետը, անդրադառնալով ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութին, ըստ որի հայ սպա Գուրգեն Ալավերդյանը խոստովանում է, որ դիվերսիա է փորձել իրականացնել և պատրաստ է մնալ ու ծառայել Ադրբեջանին, հայտարարեց. «Երբ տեսանյութը մանրակրկիտ նայում ենք, ակնհայտ է, որ դրանք սպայի խոսքերը չեն։ Եթե տեքստը ուշադիր լսես՝ երևում է, որ դա հայ մարդու գրած չէ, որովհետև կային բազմաթիվ քերականական սխալներ, և այդ տեքստը մատնում էր իր մատուցած լինելը։ Հայ սպան այսօր հարկադրանքների տակ է, և չգիտենք ինչ ճնշումներ են իր վրա գործադրվում»։

«Ես ծանոթ չեմ՝ ինչ քրեական գործեր են հարուցվել, բնականաբար, դեպք է տեղի ունեցել, և կարող էր քրգործ հարուցվել՝ ինչ է եղել, ինչ հանգամանքներում և ինչ-որ բան խախտվել է, թե ոչ։ Իրականության մասին ամբողջ պատկերը կարող ենք իմանալ այն ժամանակ, երբ ռազմագերին կվերադարձվի Հայաստան»,- շարունակեց փորձագետը։

Արթուր Եղիազարյանի խոսքերով՝ ադրբեջանական կողմի մատուցած դիվերսիան տրամաբանությունից դուրս է։ «Ինչպես կարող էր դիվերսիա իրականացնողն իր այդ տեսքով ասել, որ ինքը պատրաստ է ծառայել Ադրբեջանին. դա արդեն հակասություն է, և երկրորդ՝ նրանք ցուցադրում են «հայ դիվերսանտի» հագուստներով և զինամիջոցներով, բայց նրանց հրապարակած տեսանյութում ձյուն էր գալիս, և նման պայմաններում դիվերսիա անողն այլ հագուստով և զինամիջոցներով է լինում։ Այստեղ անհամապատասխանություն կա»։

Ռազմական փորձագետի կարծիքով՝ ռազմագերուն հայրենիք վերադարձնելուն ուղղված քայլերում կարևորը միջազգային կառույցների հետ ճիշտ աշխատանք տանելն է և առաջին հերթին ռազմագերու անվտանգության հարցն է, որպեսզի այնտեղ բռնության և հալածանքների չենթարկվի։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button