«Մոլորված սպայի հարցի շուրջ հաստատվել է երկխոսություն երկու կողմերի իշխանությունների հետ»

ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի» հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի» կողմից իրականացվող աշխատանքներին, ադրբեջանական կողմում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանին վերադարձնելու ուղղությամբ, ասել է.
«Մոլորված սպայի հարցի շուրջ հաստատվել է երկխոսություն երկու կողմերի իշխանությունների հետ, և մենք կապի մեջ ենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ: Հաջորդ քայլը այցելությունն է»:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի» հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց հետաքրքրվեցինք՝ արդյոք Գուրգեն Ալավերդյանի ընտանիքի հետ կապ հաստատել են, թե ոչ.
«Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, բայց պետք է փաստեմ, որ մենք միշտ երկու ուղղությունով ենք աշխատում՝ իշխանությունների և ընտանիքի հետ»:
Զառա Ամատունին, անդրադառնալով ադրբեջանական կողմում հայտնված մյուս գերիներին, հայտարարեց, որ պարբերաբար այցելում են նրանց:
Հուլիսի 8-ին ադրբեջանական կողմում հայտնված Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի վերաբերյալ Զառա Ամատունին ասաց, որ օգոստոսի սկզբին այցելել են Նարեկին. օգնել են, որպեսզի կապ հաստատի ընտանիքի հետ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է:
ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտնեց, որ կիրականացվի ծառայողական քննություն եւ կպարզվեն հանգամանքները:
Հայկական կողմը նաեւ Ադրբեջանին հորդորեց ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: «Կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի»,- գրել էր Շուշան Ստեփանյանը: