ՄիջազգայինՄիջազգային մամուլի տեսությունՆորություններ

Մերկելը և Մաասը ՌԴ-ից պարզաբանում են պահանջել Նավալնիի գործով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և արտգործնախարար Հեյկո Մաասը Ռուսաստանից պահանջում են, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման գործում ներգրավված բոլոր անձինք ենթարկվեն պատասխանատվության: Այդ մասին հայտնում է գերմանական Der Spiegel հանդեսը:

Կրեմլի հայտնի քննադատ Ալեքսեյ Նավալնին շաբաթ օրվանից բուժվում է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում: Բժիշկները հայտնել են, թե ի հայտ են եկել ապացույցներ, որ Նավալնիին թունավորել են: Կանցլեր Անգելա Մերկելը և արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասն այդ գործի շուտափույթ քննության կոչ են արել:

«Ռուսաստանի կառավարությունը պետք է այդ գործի շուտափույթ հետաքննություն անցկացնի՝ դետալ առ դետալ, եւ դա  պետք է իրականացնի բացարձակ թափանցիկության ռեժիմում: Մեղավորները պետք է հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության»,- հայտարարել են Մերկելը և Մաասը:

«Հուսով ենք, որ պարոն Նավալնին  լիարժեք կառողջանա: Մենք նաև ամենալավն ենք ցանկանում նրա ընտանիքին, որն անցնում է ծանր  փորձությունների միջով», -նշել են Մերկելը և Մաասը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը հայտարարությունում չի նշվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 20-ին, առավոտյան ժամը 7:00-ին, Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը տեղեկացրել էր, որ նա վատ է զգացել Տոմսկ-Մոսկվա չվերթի ժամանակ: Նավալնին շտապ հոսպիտալացվել էր Օմսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Օգոստոսի 21-ի առավոտյան Ալեքսեյ Նավալնիի համախոհները հայտնել էին, որ բժիշկներն արգելել են հիվանդին այլ երկիր տեղափոխել, քանի որ նրա վիճակն անկայուն է:

Քաղաքական գործչի կինը՝  Յուլյա Նավալնայան կարծիք էր հայտնել, որ բժիշկները փորձում են խոչընդոտել իր ամուսնու օրգանիզմում թունավոր նյութի հայտնաբերմանը եւ վերջինիս տեղափոխման թույլտվություն տալու համար դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հաջորդ օրը Օմսկի հիվանդանոցի բժիշկները թույլ էին տվել  ընդդիմադիր քաղաքական գործչին բուժման նպատակով տեղափոխել Գերմանիա:

Աղբյուր՝ Der Spiegel

Back to top button
Close