Նորություններ

«Սիրով ընդունել եմ Ն. Փաշինյանի՝ անսպասելիորեն արված առաջարկությունը». Ստյոպա Սաֆարյանը՝ ՀՀ Հանրային Խորհրդում ներկայացված լինելու մասին

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը գրում է.

«Պատիվ և մեծ պատասխանատվություն ունեմ ՀՀ կառավարության առաջադրմամբ ու հասարակական հիմունքներով ներկայացված լինելու Հայաստանի Հանրապետության Հանրային Խորհրդում: Անկեղծ ասած՝ ոչ հանրային ճանաչելիության, ոչ հավելյալ ստատուսի խնդիր չունեմ, բայց սիրով ընդունել եմ ՀՀ կառավարության ու վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի՝ անսպասելիորեն արված առաջարկությունն այդ սահմանադրական մարմնում առաջադրելու կապակցությամբ իմ համաձայնությունը ստանալու համար:

Իմ ամբողջ գիտակցական կյանքում մեկ խնդիր եմ ունեցել. բավականություն ստանալ ու լավ զգալ սեփական երկրի կառուցման գործում համեստ ու կարողություններիս չափով ներդրման համար: Առավել ևս հիմա՝ երբ անպատկերացնելի մեծ աշխատանքային դաշտ է բացվել մեր երկրում, երբ մեր հասարակության սպասումները շոշափելի փոփոխությունների առումով անպատկերացնելի մեծ են, մեր ժողովրդի հավատն ու աջակցությունը՝ նույնպես, երբ իշխանության եկած թիմը հիրավի անկեղծ է իր ցանկություններում ու գործադրած տեսանելի ջանքերում, երբ, ի վերջո, գնահատվում են քո մասնագիտական կարողություններն ու անհրաժեշտությունը, այդ դեպքում անմասն մնալ ու կողք քաշվել չես կարող, մանավանդ որ, այսպես թե այնպես, քո գործն անում ես ու անելու ես:

Այժմ էլ լինելու եմ հանրային շահի ձևակերպման ու պաշտպանության, դրանք կառավարության լուծումների հարթակ տեղափոխելու դաշտում, որովհետև այդ դաշտում է նաև Հայաստանի նոր իշխանությունը:

Քանի որ այն հասարակական աշխատանք է, բնականաբար համատեղվելու է իմ հիմնադրած Ինստիտուտի՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գործունեության համակարգման, ինչպես նաև՝ առաջիկայում մեկնարկելիք համաեվրոպական քաղաքականության մշակման մեծ ծրագրում իմ ներգրավվածության հետ, ինչի մասին վաղօրոք էի տեղեկացրել:

Իմ կյանքում ոչինչ չի փոխվել, ավելացել են պարտավորություններ ու պատասխանատվություն:

Շնորհակալություն ՀՀ կառավարությանը և ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին վստահության համար:

Բոլորս՝ ի գործ:

Միշտ ձեր՝
Ստեփան»:

Back to top button
Close