Միջին օրական թվերը կրկնակի նվազել են հուլիսի հետ համեմատած, բայց եթե մենք ճիշտ չարձագանքենք իրավիճակին, արագ կվերադառնանք հուլիսի իրավիճակին. Փաշինյան

Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:
«Երեկ օրվա ընթացքում արձանագրվել է նոր 263 դեպք, ընդհանուր կատարված 1993 հետազոտություններից: Գնահատելով և համեմատելով նախորդ 2-3 շաբաթների իրավիճակը՝ կարող ենք նշել, որ ունենք իրավիճակի կայունացում, և դրան նախորդող անկման միտումը կարծես թե դադարել է առնվազն իմ նշած 2-3 շաբաթվա համար:
Բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը մնում է թեթև և կառավարելի, այդ մասով որևէ խնդիր չունենք»,- հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Թորոսյանի կարծիքով՝ տնտեսական ակտիվության, ազգաբնակչության շարժի հետ կապված՝ շատ դժվար է լինելու օրական արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը:
Նախարարն ընդգծեց, որ նման կառավարելի վիճակ պահպանելու համար գոնե դրված կանոնները կամ դեռ առկա սահմանափակումները պետք է պահպանենք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ կայունություն ասվածը հարաբերական է, որովհետև իրավիճակը ցանկացած պահի կարող է փոխվել անկայունի:
«Ինձ թվում է՝ մենք, ընդհանուր առմամբ հանրությունը, ավելորդ ոգևորվածությամբ ենք արձագանքում թվերի նախընթաց անկմանը:
Իհարկե միջին օրական թվերը կրկնակի նվազել են հուլիսի հետ համեմատած, բայց եթե մենք ճիշտ չարձագանքենք իրավիճակին, արագ կվերադառնանք հուլիսի իրավիճակին:
Մենք ասել ենք, որ որևէ քաղաքացի առանց բուժօգնության պետք է չմնա, և մենք դա կարողացել ենք ապահովել և կապահովենք առնվազն այն ծավալների պարագայում, ինչ մենք ունեինք հուլիսի սկզբին:
Մենք գիտենք, որ պարտադիր կարգով հարյուր նոր դեպքերից 2-3 պարտադիր մահվան դեպք ենք ունենալու, և հետևաբար մեր ընկալումը շարունակ մնում է նույնը. ոչ մի քաղաքացի առանց բուժօգնության չի մնա, բայց հարցն այն է, որ մեր քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով»,- ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքերով՝ վարչական լծակները պետք է օգտագործվեն, ոստիկանությունը պետք է շատ ակտիվ ջանքեր գործադրի, որպեսզի դիմակի կրման կանոնների չպահպանման դեպքերը պատշաճ արձանագրվեն և վարչական արձանագրում ստանան:
«Կրկին և կրկին իմ արձանագրումը մնում է նույնը, որ անհատական պատասխանատվությունը կորոնավիրուսի դեմ պայքարի՝ ամենաարդյունավետ միջոցն է, և իմ տպավորությունն այն է, որ մենք անհատական մակարդակում մեր զգոնությունը պահանջվածից և իրատեսականից փոքր և ավելի ենք թուլացրել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրի ղեկավարը ևս մեկ անգամ կոչ արեց քաղաքացիներին առավելագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները և հատկապես դիմակների կրման պայմանների պահպանումը:
Անահիտ Չալիկյան