Նորություններ

«Ցանկացած բռնապետ հույս ունի, որ Ռուսաստանում ինքն իր համար կգտնի անվտանգ անկյուն». Նարինե Դիլբարյան

«Ռուսական միջամտությունը կլինի հանուն Բելառուսի կայունության և բնականաբար իրենց հակոտնյա եվրոպական ազդեցության չեզոքացման»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցող ցույցերին և Ռուսաստանի հնարավոր միջամտությանը:

«Բելառուսում քչերն էին կարծում, որ ժողովուրդը ոտքի կկանգնի, բայց հնազանդ բելառուս ժողովուրդը որոշեց պաշտպանել իր ընտրական իրավունքը: Ես արդեն տեսնում եմ, որ Լուկաշենկոն սկսել է, այսպես ասած, աճուրդը և արդեն պատրաստ է զիջումների, որովհետև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բելառուսը արդյունաբերական երկիր է, և գործադուլային շարժման վստահություն կա: Ուզում եմ հիշեցնել, որ ԽՍՀՄ-ը փլուզեց նաև հենց Հայաստանում սկսված Արցախյան շարժմանը զուգընթաց գործադուլային շարժումը:

Երբ աշխատողները դիմում են գործադուլի, դա լուրջ հարված է և ցույց է տալիս, որ հանրությունը ոչ թե առանձին կետերով է պատրաստ ընդդիմանալու, այլ ընդհանուր կամք և անվստահություն կա ընտրությունների հանդեպ: Լուկաշենկոյին բոլորը, գուցե նաև իր ներքին ինքնապաշտպանական բնազդը կհուշի, որ բռնությունների ալիքը պետք է իջեցնել, բայց որ Լուկաշենկոն չի շարունակելու իշխել, և ժողովուրդը ի վերջո կատարելու է իր իրական ընտրությունը, դրանում ես կասկած չունեմ, որովհետև բոլոր գործոնները վկայում են այն մասին, որ հանրությունն այլևս պատրաստ չէ հանդուրժելու Լուկաշենկոյին, այսինքն՝ հանդուրժելու այդ մենիշխանությունը»:

Դիլբարյանի խոսքերով՝ Լուկաշենկոն, ըստ ամենայնի, չկարողացավ Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևի նման ճկուն քայլ կատարել, այսինքն՝ հեռանալ եւ իրեն փոխանորդ բերել: Ըստ նրա Բելառուսում առկա  ուժերի դասավորության պարագայում, երբ չկան քաղաքական ընդգծված առաջնորդներ, Լուկաշենկոյին կհաջողվեր իրականացնել ստվերային կառավարում:

Լուկաշենկոն երեք անգամ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: Նա հայտարարել էր, որ խնդիրը արդեն միայն Բելառուսին չի առնչվում և դուրս է եկել երկրի սահմաններից: Հարցադրմանը, թե հավանակա՞ն է Ռուսաստանի միջամտությունը Բելառուսի  ներքին գործերին, թե՞ ՌԴ-ն զերծ կմնա ներքաշվել գործընթացներին, Դիլբարյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ Ռուսաստանը միշտ է միջամտել և անգամ բելառուսներին  գործողությունների մղելու և ընդհանրապես այն գաղափարի ամրակայմանը, որ քառորդ դարից ավելի Լուկաշենկոն իշխել է և պետք է գնա: Բելառուս ժողովրդին շարժելու հարցում ռուսական հետքեր են եղել:

Լուկաշենկոն վստահելի գործընկեր չէ. իր բնավորության գծերի և խառնվածքի առումով: Նա ավելի հակված է ինքնուրույն խաղեր տալուն և պարբերաբար, երբ թուլանում է, ինչ-որ մեկին է դիմում՝ նրանց լալահառաչ կոչեր ուղղելով:

Մինչ ՌԴ նախագահին զանգելը Բելառուսը Ռուսաստանին անընդհատ ճգնում էր ապացուցել, որ ինքը միակ դաշնակիցն է, բայց երբ իր գործերը լավ էին և ընտրություն չկար, նա Ռուսաստանի հանդեպ արմատական դիրքորոշում էր հայտնում: Այսինքն՝ Ռուսաստանը արդեն իսկ ինչ-որ խնդիրներով միջամտել է, և նրան իրապես շահերի տեսանկյունից ավելի ձեռնտու կլինի, որ Լուկաշենկոն այնպիսի իրավիճակում հայտնվի, որ դառնա առավել համաձայնողական և արմատական դիրքորոշում չհայտնի:

Ռուսական միջամտությունը կլինի հանուն Բելառուսի կայունության և բնականաբար իրենց հակոտնյա եվրոպական ազդեցության չեզոքացման:

Բելառուսցիները քառորդ դար ապրելով Լուկաշենկոյի իշխանության օրոք՝ նրանք վարժված են ներկա իրավիճակին, և Ռուսաստանի համար այնտեղ հեշտ կլինի գտնել իրավաժառանգորդի»,- ասում է նա:

Նախկին ԽՍՀՄ կազմի որոշ երկրներ պետությունում ստեղծված անկայուն իրավիճակներում թեքվում են դեպի Ռուսաստանը: Իշխանությունները սպասում են ինչ-ինչ «դաբրոների», իսկ հասարակությունը հարցադրում է՝ ի՞նչ կասի կամ կանի Ռուսաստանը: Դիտարկմանն ի պատասխան՝ Նարինե Դիլբարյանն արձագանքեց.

«Ծնվել են սերունդներ, ովքեր չեն ապրել ԽՍՀՄ կայսրության օրոք, չեն տեսել այդ կայսրությունը, բայց երևի թե արյան հիշողության մեջ, ծնողներից և մյուս սերունդներից փոխանցվում է ավագ եղբոր դերը, որովհետև ԽՍՀՄ կայսրությունը հիմնված էր ռուսական ուժի վրա:

Ուստի ցանկացած բռնապետ հույս ունի, որ Ռուսաստանում ինքը իր համար կգտնի անվտանգ անկյուն կամ այնպիսի ուժեր, որոնք իրեն կաջակցեն:

Բոլորն էլ հասկանում են, որ Ռուսաստանին իբրև թշնամի լինելը բավական վտանգավոր և անցանկալի իրողություն է: Դրական չեզոքությունից մինչև ջերմ բարեկամություն. դա նախկին ԽՍՀՄ տարածքի այսօրվա ինքնուրույն համարվող պետությունների տեսանկյունից ամենաշահավետ ռազմավարական դիրքորոշումն է»,- ընդգծեց Դիլբարյանը:

Նարինե Դիլբարյանի խոսքերով՝ եթե Լուկաշենկոն փոխզիջումների չգնա, ապա Արևմուտքը պատժամիջոցներով (տնտեսական) փորձելու է տնտեսապես խեղդել Լուկաշենկոյի կառավարությանը.

«Այնքան կձգեն օղակը, որ նա ստիպված գնա զիջումների, որովհետև Արևմուտքը, բնականաբար, երբեք չի դիմում ուղղակի միջամտությունների: Այսինքն՝ դրանք տնտեսական, քաղաքական պատժամիջոցներն են:

Պատժամիջոցներն առաջացնում են ներքին համակարգի ուժերի համախմբում, և ձևավորվում է կայուն դիմադրողականություն:

Արևմուտքը փորձելու է իր ազդեցություններով ներարկել քաղաքացիական հասարակության կայունության գաղափարը, երբ ժողովուրդը հասկանա, որ ինքը քաղաքացիական հասարակություն է և իրավունք ունի ընտրելու, ձևավորելու ընտրական քվեն և այլն, բերելու է լավ արդյունքի:

Գաղափարական ներդրումը կարող է շատ ավելի օգտակար լինել, քան պարզապես տնտեսական պատժամիջոցների առկայությունը:

Պետք է ազդել քաղաքացիների հոգեբանության վրա, որպեսզի նրանք իրենց լիարժեք 21-րդ դարի քաղաքացիներ զգան, ովքեր պետք է օգտվեն մարդու իրավունքների ամբողջ ներկապնակից, որը գոյություն ունի, և որով աշխարհը ապրում է: Այդ դեպքում դու արդեն հասկանում ես, որ կոլտնտեսության նախագահի հավերժական իշխանությունը բնավ քո պետության իդեալական տարբերակը չէ»,- եզրափակեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում իրավիճակը անհանգիստ է: Արդեն մեկ շաբաթ է՝ մայրաքաղաք Մինսկում և այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են, մասշտաբային գործադուլներ:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close