Նորություններ

«Մենք ամբողջությամբ աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին». Պյոտր Սվիտալսկի

Երևանում մեկնարկեց ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովը: Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Վերջինս իր խոսքում շեշտեց, որ Հայաստանը շատ լավ օրինակ է մի երկրի, որն ի վիճակի է իրականացնել լուրջ փոփոխություններ: Անդրադառնալով Արևելյան գործընկերության առաջնահերթություններին՝ Սվիտալսկին նշեց, որ ոչ մի թաքնված օրակարգ այն չունի, և տասը տարին բավական լուրջ ժամանակ է, որպեսզի մտածես արդյունքների մասին, որոնք շատ շոշափելի են, կարևոր ու դժվար է դրանք հարցականի տակ դնել: Ըստ Սվիտալսկու՝ այսօրվա համաժողովը լավ հարթակ է հայերի համար՝ հայտարարելու, թե որ ուղղությամբ են ցանկանում տանել Արևելյան գործընկերությունը:

«Արևելյան գործընկերությունը, որը պաշտոնապես մեկնարկեց 2009թ.-ին, շատ կարևոր մեխանիզմ էր այս երկրները ԵՄ-ին մոտեցնելու նպատակով: Իհարկե, դեռևս կան մարդիկ, ովքեր համարում են, որ այստեղ կար թաքնված օրակարգ: Պետք է ասեմ, որ այստեղ ոչ մի թաքնված օրակարգ չկար: Գաղափարն այն էր, որ պետք է ամրացնել հարևանության արևելյան մասը՝ մտապահելով, որ հարավային մասն արդեն կուռ ինստիտուցիոնալ հենք ուներ, քանի որ ԵՄ մի շարք անդամներ կարծում էին, որ հարևանության քաղաքականությունը կարիք ունի երկու հստակ հենասյուների»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպական միությունն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, նշեց Սվիտալսկին՝ անդրադառնալով Փաշինյան — Ալիև հանդիպմանը: Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն իրականացվում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ, որը հաջողությամբ իրականացնում է իր առաքելությունը:

Արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Մանվելյանն էլ նշեց, որ Արևելյան գործընկերությունն իր գոյության առաջին տասնամյակի ընթացքում ենթարկվել է խոշոր փոփոխությունների՝ համապատասխանեցվելով տարածաշրջանում ձևավորվող նոր իրականությանը:

Back to top button