Սևրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդները հատուցման կոչ են հղել Թուրքիային

Սևրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդական քաղաքական կազմակերպությունները հայ ժողովրդին հատուցման կոչ են ուղղել Թուրքիային: Այս մասին հայտնում է Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնական կայքը:
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը Սևրի Դաշնագրի ստորագրության 100-ամյակի առիթով` նախաձեռնել է դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդական միությունների հետ համատեղ հայտարարության հրապարակում, որը ներկայացված է ստորև.
«Սևրի դաշնագիրը հանդիսանում է միակ իրավական միջազգային փաստաթուղթը, որն ապահովում է Հայոց Ցեղասպանության արդար հատուցումը, այն ստորագրվել է Առաջին Համաշխարհային պատերազմից հետո 1920-ին Փարիզի խաղաղության վեհաժողովի ընթացքում Դաշնակից ուժերի և Թուրքիայի միջև:
Հիմք ընդունելով այն բանաձևը, որը միաձայնությամբ ընդունվել է Երևանում Ընկերվարական Երիտասարդական Միջազգային Միության (ԸԵՄՄ/IUSY) համաշխարհային խորհրդի ժողովին (2015), որը դատապարտում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը.
Մենք` Սևրի դաշնագիրը ստորագրած երկրների կամ նրանց իրավահաջորդ պետությունների ընկերվարական և ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական կազմակերպություններս, վերահաստատում ենք Սևրի պայմանագրի կարևորությունը և կոչ ենք անում Թուրքիային ձեռնարկել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման քայլեր և սկսել հայ ազգի իրավունքների վերականգման գործընթացը:
Մենք համոզված ենք, որ սա երկու երկրների ժողովուրդների միջև փոխվստահություն և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ միջոցն է:
Հայտարարությունը ստորագրված է հետևյալ երիտասարդական կազմակերպությունների կողմից.
Բելգիա — Երիտասարդ սոցիալիստներ
Բելգիա — Սոցիալիստ երտասարդների շարժում
Թուրքիա — Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական
Իտալիա — Երիտասարդ դեմոկրատներ
Լեհաստան — Երիտասարդ սոցիալ դեմոկրատների միություն
Խորվաթիա — Խորվաթական սոցիալ դեմոկրատական երիտասարդներ
Կանադա — Կանադայի նոր դեմոկրատական երիտասարդներ
Հայաստան — ՀՅԴ երիտասրդական — ՀՅ Դաշնակցության երիտասարդական միություն
Հունաստան — Համահունական սոցիալիստական շարժում — ՊԱՍՈԿ երիտասարդական
Հնդկաստան — Երիտասարդ քվեարկողների կուսակցություն
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն — Մակեդոնիայի սոցիալ դեմոկրատ երիտասարդներ
Նոր Զելանդիա — Նոր Զելանդիայի երիտասարդ լեյբորիստներ
Չեխիա — Երիտասարդ սոցիալ դեմոկրատներ
Պորտուգալիա — Երիտասարդ սոցիալիստներ
Սերբիա — Ազատություն և արդարություն կուսակցության երիտասարդներ
Սլովենիա — Սոցիալ դեմոկրատականների երիտասարդական ֆորում
Ֆրանսիա — Սոցիալիստ երիտասարդների շարժում»:
Առաջին աշխարհամարտի ավարտից 2 տարի անց Թուրքիայի սուլթանական կառավարության և պատերազմում հաղթած պետությունների՝ այդ թվում Հայաստանի միջև 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր 160 հազար քկմ: