5-ամսյա դադարից հետո Գյումրիի գրադարաններն ու թանգարանները կսկսեն իրենց գործունեությունը
Օգոստոսի 12-ին արտակարգ դրության հերթական երկարաձգման ժամանակ որոշ սահմանափակումներ վերացվեցին։ Առաջիկայում պարետի համապատասխան որոշման համաձայն 5-ամսյա դադարից հետո Գյումրիի թանգարաններն ու գրադարանները կվերադառնան իրենց բնականոն գործունեությանը։
Ի՞նչ չափորոշիչներով են կազմակերպվելու աշխատանքները մոտ 5-ամսյա դադարից հետո: Ի՞նչ խնդիրների առաջ կանգնեցին վերոնշյալ հաստատությունները անցած ամիսների ընթացքում, և որո՞նք են լինելու դրանց լուծման ուղիները:
Թեմայի վերաբերյալ «Երկխոսության մեդիա» կենտրոնում քննարկում էր։
«Պարետի որոշմանը սպասելիս մենք հանձնարարական ունենք սկսելու նախապատրաստական աշխատանքները։ Դրանց մեջ մտնում են և՛ ջերմաչափերի ձեռքբերումը, և՛ ախտահանիչ նյութերի ձեռքբերումը, և նախապատրաստումը ընթերցողների սպասարկմանը համապատասխան չափորոշիչներով՝ սոցիալական հեռավորությունը պահպանելով։ Դեռ չենք սկսել, բայց կարծում եմ, ինչպես բանկերի դիմաց կամ այլ վայրերում, գծանշումներ կարվեն, կամ կընդունենք դրսում ընթերցողներին։
Չափորոշիչներ պիտի սահմանել նաև աշխատակիցների համար, որ նրանք ևս վարակի վտանգից պաշտպանված լինեն»,- հայտարարեց Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը։
Թանգարանների գործունեության պարագայում հարցը այլ է.
«Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, ծրագրեր ենք մշակում։
Եթե մենք հաշվի առնենք անցյալ տարվա հոսքը, ապա թանգարաններում այլ է հարցը, որ բակում կարող են լինել 50-100 հոգի սպասելիս, որովհետև մենք չենք կարող հիմա 30 կամ 25 հոգու սպասարկել միաժամանակ, որովհետև սոցիալական հեռավորություն պիտի պահպանվի։ Բայց խնդիր կա փոքր աշխատակազմում, եթե գծանշումներ կլինեն բակում, մենք չենք կարող հսկողություն իրականացնել բակում, թանգարանի ներսում մենք կարող ենք դա անել, բայց ոչ դրսում»,- ասաց Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը։
Պապանյանն ընդգծեց, որ իրենց կամավորներ պետք կլինեն կամ էլ իրավապահներ, ովքեր կհսկեն, որ թանգարանի բակում մարդիկ իրարից հեռու մնան, որպեսզի վարակը ոչ թանգարան բերեն, ոչ տուն տանեն։
«Եթե բակում կուտակումներ լինեն, կարող է դժգոհություն առաջանալ այցելուների մեջ, պիտի անընդհատ սպասեն։ Բակում պիտի ձևաչափ ունենանք, որ չհոգնեն մարդիկ, նստարաններ, հովանոցներ ունենանք»,- առաջարկում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը։
Արա Պապանյանի խոսքերով՝ մեր փողոցները լիքն են Հայաստանի տարբեր տեղերից եկած մարդկանցով, նաև գյումրեցիներն են գնում Գյումրիից դուրս՝ մշակութային օջախներ։
Շիրակի մարզային գրադարանի տնօրենն ասում է՝ 5 ամիսների իրենց աշխատանքը պաշտոնական էջով ներկայացվել է։
Բանախոսներն ասում են՝ հեռավարը այն համն ու հոտը չունի։
Անահիտ Չալիկյան