Նորություններ

«Լուկաշենկոն, ըստ էության, դելեգիտիմ ղեկավար է․ այդպիսի դելեգիտիմությամբ իշխանությունը պահելն անհնար բան է». Սարո Սարոյան

Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում իրավիճակը անհանգիստ է: Արդեն մեկ շաբաթ է՝ մայրաքաղաք Մինսկում և այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են: Ուժայինները բռնի գործողությունների են դիմում, ձերբակալվել են հազարավոր ցուցարարներ, հարուցվել են քրեական գործեր, կա զոհ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկու հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռուսական կողմից հաստատվել է պատրաստակամություն՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ծագած խնդիրների լուծմանը Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով:

Բելառուսում տիրող իրավիճակի, Ռուսաստանի հավանական միջամտության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ:

 — Պարոն Սարոյան, Բելառուսում իրավիճակը դեռևս շարունակում է լարված մնալ: Ձեր կարծիքով՝ իրավիճակը կառավարելի՞ է իշխանությունների կողմից, թե՞ դուրս է եկել վերահսկողությունից, և փոփոխություններն արդեն անխուսափելի են:

Սարո Սարոյան

-Կատարվում են պրոցեսներ, որ ամբողջ աշխարհում են կատարվում: Վերջին շրջանում տեսնում ենք, որ նման կարգի բռնապետությունները այդպիսի հանրային ճնշմամբ դելեգիտիմացվում են և հեռանում ասպարեզից: Իրավիճակը կառավարելի է, թե ոչ, շատ հարաբերական է: Կարող է թվալ, որ եթե ուժային կառույցները ենթարկվում են պետության ղեկավարին, ապա կառավարելի է առայժմ: Բայց դրանով չէ, որ որոշվում է: Ամեն դեպքում պետք է նկատել, որ ամբողջ հանրությունը ոտքի է կանգնել, այն զանգվածը, ով կարող է քաղաքական իշխանության խնդիրը լուծել: Հիմա այդ պրոցեսը թե ինչքան կտևի, ինչ տրանսֆորմացիաների միջոցով կլինի հեռացումը. դա քննարկվելիք է, որովհետև եթե ադեկվատ լինի, բնական է, որ մի քիչ ավելի մեղմ կլինի: Իսկ եթե շարունակի ոչ ադեկվատ լինել, բռնությանը ավելի շատ տեղ կտրվի:

Լուկաշենկոն, ըստ էության, դելեգիտիմ ղեկավար է, և փաստ է, որ այդպիսի դելեգիտիմությամբ պահել իշխանությունը անհնար բան է:

Լուկաշենկոն երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: Նա հայտարարել էր, որ խնդիրը արդեն միայն Բելառուսին չի առնչվում և դուրս է եկել երկրի սահմաններից: Հավանական համարո՞ւմ եք Ռուսաստանի միջամտությունը երկրի ներքին գործերին, թե՞ ՌԴն զերծ կմնա ներքաշվել գործընթացներին:

-Ռուսաստանն իր բնական շահերն ունի և տեսնում է, որ օղակը սեղմվում է իր շուրջը, և հաջորդ գործընթացները ուղղակիորեն տարածվելու են Ռուսաստանի տարածքում:

Այսինքն՝ այդ օղակը այնպես է սեղմվում, որ Ռուսաստանի համար պաշտպանիչ շերտեր չեն մնում, և դա վկայում է, որ ՌԴ-ն շատ մեծ շահագրգռվածություն ունի Բելառուսում գործընթացները իր ձեռքը վերցնելու համար և ամեն ինչ անելու է, որ իր ուզած ճանապարհով ընթանա: Խնդիրը նրանում է, որ արդյոք իրենք գտնում են, որ տեխնոլոգիապես, հատուկ ծառայությունների միջոցով կամ որևէ այլ կերպ կարող են իրավիճակը ի նպաստ իրենց կողմ թեքել. եթե ոչ, ապա արտաքին ներգործությունը (ՀԱՊԿ շրջանակում և այլն ) կա, վերջ-առաջ դա կարող է լինել:

Բելառուսի ներքաղաքական իրավիճակով հետաքրքրված է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև արտաքին այլ ուժեր: Այստեղ է ամբողջ նրբությունը: Հիմա, ըստ էության, իսկապես ներգրավվել են արտաքին քաղաքական ուժեր. պարզապես այդ ամենը Լուկաշենկոն մատուցում է որպես արտաքին ռազմական ագրեսիա: Այսինքն՝ քաղաքական թեզերի առումով շրջանառում է Բելառուսի հանրության մոտ արտաքին ռազմական ագրեսիայի վտանգը, որպեսզի պաշտպանի իր իշխանությունը:

Արտաքին ռազմական վտանգը կապված է ոչ թե կոնկրետ Բելառուսը կլանելու հետ, այլ նրա, թե Բելառուսը քաղաքական որ ճամբարում կլինի, և այդտեղ բելառուսական հանրության մեծամասնության համակրանքն ընկած է դեպի ժողովրդավարությունն ու ազատությունը, որի պաշտպանը արևմուտքն է:

Ռուսաստանը, ըստ էության, Լուկաշենկոյի քաղաքական իշխանության հետ՝ նրա առակայությամբ կամ ժառանգորդությամբ խնդիր ունի լուծելու, որպեսզի Բելառուսը մնա ռուսական ազդեցության գոտում: Այստեղ հանրության ձայնը շատ վճռորոշ է:

Այսօր Բելառուսը շատ վատ վիճակում է գտնվում, քանի որ հայտնվել է Ռուսաստանի եւ Արևմուտքի շահերի ուղղակի իրացման խաչմերուկում:

Նախկին ԽՍՀՄ կազմի որոշ երկրներ պետությունում ստեղծված անկայուն իրավիճակներում թեքվում են դեպի Ռուսաստանը: Իշխանությունները սպասում են ինչինչ «դաբրոների», իսկ հասարակությունը հարցադրում է՝ ի՞նչ կասի կամ կանի Ռուսաստանը: Սա ինչի՞ արդյունք է, Ձեր կարծիքով:

-Նախկին ԽՍՀՄ տարածքի երկրները կամ ներկայիս ԱՊՀ համարվում են ռուսական ազդեցության գոտի, և դա ոչ միայն համարում են, այլ գերտերությունները ընդունում են հենց այդպես:

Կան որոշակի քաղաքական շահեր, որտեղ կարող են դրսևորվել միայն որոշակի գերտերություններ. դա նախկին ԽՍՀՄ-ի ժառանգորդության խնդիրն է, որը վերջին երեսուն տարվա մեջ առանձին դեպքերում խաթարվում էր:

Վրաստանի օրինակը կարող ենք ասել, այն համարվում էր ռուսական գոտի, բայց ի վերջո ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանն արևմտյան գոտու մեջ ներառվեց՝ կորցնելով որոշակի տարածքներ և այլն:

Հիմա այդ երկրները հենց դրա համար են Կրեմլին նայում. գիտեն, որ առաջին հերթին իրենք բախման մեջ են հայտնվելու ռուսական քաղաքական շահի հետ:

Այդ երկրների ղեկավարները փորձում են այդ դաշտում շատ զգույշ լինել, որովհետև իրենց աչքի առաջ է թե՛ Վրաստանի և թե՛ Ուկրանիայի օրինակը: Դրա համար ցանկացած քաղաքական իշխանության փոփոխություն պիտի այդ պրիզմայով անցնի, արդյոք դա հակառուսական է, թե ոչ, ռուսական շահերից դուրս է, թե չէ, որովհետև Ռուսաստանը անընդհատ ցույց է տալիս, որ չի ներելու ոչ մի հանրապետության, ով իր տեսադաշտից դուրս կգա:

Ի՞նչ զարգացումների կարելի է սպասել Բելառուսում. արդյո՞ք ընտրության քվեների վերահաշվարկ կամ նոր ընտրություններ կլինեն: Չնայած Լուկաշենկոն բացառել էր նոր ընտրությունը:

-Մի բան է բացառելը, մեկ այլ բան է, որ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Լուկաշենկոն էլ կարող է չլինել: Դա կախված է քաղաքական այն զարգացումներից, որի արդյունքում ինչ-որ մի սուբյեկտ կպարտադրի իր կամքը: Այստեղ շատ բարդ է կանխատեսումներ անելը, թե ինչպիսի լուծումներ կլինեն, բայց պարզ է, որ Բելառուսի ղեկավար չի լինելու Լուկաշենկոն (նա արդեն դելեգիտիմացված ղեկավար է և շանս չունի իշխանությունը երկարատև կտրվածքով պահելու):

Կան մի շարք տարբերակներ. թե այդ տարբերակներից որը կաշխատի, հարց է: Կաշխատի Արևմուտքի և Ռուսաստանի միջև համաձայնության կայացումը. դա մի ճանապարհ է, բելառուսական հանրության և Կրեմլի միջև համաձայնությունը՝ մեկ այլ ճանապարհ է, բելառուսական հանրության և Արևմուտքի հետ՝ այլ: Հիմա ոչ ոք չի կարող ասել, թե որ ճանապարհով կգնա, բայց կարելի է տեսնել, որ կան այդպիսի ճանապարհներ, որոնց շուրջ գնում են ներքին խմորումներ, ներքին բանակցություններ և այլն:

 

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close