ՄիջազգայինՆորություններ

Լիբանանում քաղաքական նոր քարտեզ է ուրվագծվում

Նավահանգստի պայթյունի՝ պատահար թե՞ ծրագրավորված խափանարարություն լինելու իրականության բացահայտումը թվում է, որ երկրորդական նշանակություն է ստանում: Քաղաքական տրամաբանությամբ նման իրավիճակը դուռ է բացում  քաղաքական մեծ քայլերի, նոր գործընթացների: Որքան էլ ոչ բարոյական հնչի, այնուամենայնիվ լայնածավալ և աշխարհի ուշադրությունն իր վրա կենտրոնացրած պատահարները լիարժեք օգտագործվում են աշխարհաքաղաքական ծրագրեր գործարկելու:

Այս պատճառով էլ իրականության բացահայտումից ավելի շահագրգիռ է հետաքննության լիբանանյա՞ն, թե՞ միջազգային բնույթը: Իրավամբ թե քաղաքականացված մոտեցումով, եթե անհրաժեշտ է ավելի հեղինակազրկել արդեն իսկ վարկաբեկված պետության, այս դեպքում արդարադատության համակարգը, ապա ուրեմն թե՛արտաքին եւ թե՛ ներքին առումներով պիտի սաստկանան հետաքննող մարմինների միջազգայնացման պահանջները:

Միայն հետաքննությունը չէ, որ միջազգային շահագրգռություն կամ նույնիսկ մասնակցություն կարող է ունենալ: Աղետին անմիջապես հետևած հումանիտար միջազգային ծրագրերն այդ բնույթով պիտի չսահմանափակվեին: Դիվանագիտական եռուզեռը պիտի սկսեր օժանդակությունների պայմանականությունը հիշեցնելով, վերանորոգման մեծ ծրագրեր ստանձնելու մրցապայքարը՝ նավահանգստից սկսյալ մինչեւ ենթակառույցներ, հասնելու համար պետության կողմից քաղաքացիական տարրական ծառայությունների տասնամյակներից ի վեր առկախ մնացած ծրագրերի ստանձնմանը:

Վերականգնումը, շինարարությունը, հոսանքի չարչրկված թղթածրարի ստանձնումը կամ նման անլույծ մնացած եւ ապաշնորհ վարչակառավարմանը վերագրվող հանգույցների լուծման ուղիների մատնանշումը ենթադրում են, որ ֆինանսական եւ տնտեսական պաշարման օղակների թուլացման միտումներ գոյություն ունեն: Աւելի հեռվից դիտված՝ Բեյրութի պատրաստ լինելը ծովային սահմանազտմանը կամ իրանյան օժանդակությունների առաքման միջազգային թույլտվությունը ինչ որ նոր իրավիճակի նախադրյալներ են պարզում։

Կառավարության հրաժարականը և տակավին վարչապետության պաշտոնի նոր թեկնածուի շուրջ համաձայնություն չկայանալը, լիբանանյան դրամանիշի համեմատական արժևորման կամ օտար արժույթի նվազեցման միտումները խոսում են այդ պաշարման թուլացման նախադրյալների մասին` հերթական անգամ հետեւողին համոզելով շրջափակման հետևում կանգնած աշխարհաքաղաքական որոշումների առկայության մասին:

Պարզ են ուղերձները. տարածաշրջանում յուրաքանչյուր գլխավոր խաղացող այս անգամ նոր իրավիճակի ձեւավորման մեջ փորձում է ստանձնել իր բաժինը` նախանշելով Լիբանանի նկատմամբ ընդհանուր գծերում համաձայնեցված միջազգային ծրագիրը:

Ֆրանսիական միջնորդությունը տեսանելիորեն առաջատար դերակատարություն  է վերապահում նրան. սակայն բոլոր հանգամանքները նկատի ունենալով և հատկապես այս դեպքում ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացնողների հայտարարություններն ու այցերը, կարելի է ենթադրել, որ Փարիզը բոլորովին ինքնուրույն չի շարժվում այս ուղղություններով:

Քաղաքացիական անհնազանդության շարժման առաջադրանքները, երբ կտրուկ անցում կատարեցին քաղաքացիականից քաղաքական, արծարծեցին հետեւողականորեն նախորդ կառավարության հրաժարական, անկուսակցականներից եւ տեխնոկրատներից բաղկացած կառավարություն եւ ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հանգելու համար համակարգային փոփոխության:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

Այդ պահանջները դեռևս  հեռու են վերջնակետից, սակայն հատել են որոշ եզրագծեր: Թեև ոչ անմիջական, այդուհանդերձ անտեսանելի չեն խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Միջազգային ընտանիքը այժմ ունի Լիբանանում ժողովրդային ենթահող` արտաքին-ներքին առաջադրանքները համատեղելու:

Լիբանանի քաղաքական քարտեզի վերագծման ծրագրի շրջագիծը սկսել է երևալ, իսկ արմատական փոփոխությունների մեկնարկին կնախորդեն մեծ ցնցումներ․ լինեն դրանք պատահար, թե ծրագրավորված:

Լիբանանը կարևոր երկընտրանքի առաջ է: Հետցնցումնային իրավիճակը ներլիբանանյան համախմբմամբ հաղթահարելու և նոր ուղի դուրս բերելու երկիրը կամ վերստին հանձնվելու հեռակառավարման եղանակին` պետական հրապարակը հանձնելով արտաքին գլխավոր խաղացողներին։

Քաղաքական իրատեսությունը հուշում է, որ առաջին ընտրանքն իր բացարձակի մեջ իրականանալի չէ: Պաշտոնական Բեյրութին պարտադրվող երեք օրակարգ ճնշում են և դրանցով ապաշրջափակում պայմանավորում: Իրանական հենակետերի ապապետականացումն ու զինաթափումը, ընդծովյա ուժանյութի օգտագործման համար սահմանազատումը և պաղեստինցիների բնակեցումը: Այս զիջումների մասնակիությանը կամ ամբողջականությանը համաչափ կընթանան նաեւ ապաշրջափակման  ուղղությամբ օղակների թուլացումները կամ ֆինանսական հատկացումների հոսքերը:

Հայկական ոսպնյակը անպայման նկատի կունենա միջազգային շահագրգռվածության  տարողությունները, տարբեր պետությունների միջամուխ լինելու հանգամանքները, միջազգային ծրագրի իրականացման հավանականությունները, Թուրքիայի դերակատարության եւ նկրտումների դիմաց ցցվող հանգամանքները և ի վերջո քաղաքական վերագծվող քարտեզում հայկական գործոնի դերի ազդեցիկության հետ կապված խնդիրները:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Back to top button
Close