Նորություններ

Տպավորությունս շատ ծանր էր, նախեւառաջ Հայաստանի իմիջի տեսակետից. Լեւոն Զուրաբյանը՝ Hardtalk հաղորդաշարի մասին

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը սոցցանցի իր էջում գրել է.

 

Վերջապես նայեցի վարչապետի «Hardtalk»֊ը։ Տպավորությունս շատ ծանր էր, նախեւառաջ Հայաստանի իմիջի տեսակետից։ Ձախողման պատճառները մի քանիսն են. պատասխանների բովանդակությունը, լեզվի տիրապետումը, նախկինում կատարված քայլերը, որոնց համար հնարավոր չէ հոդաբաշխ պատասխան տալ։ Ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը, կարգավորման մասին սեփական պատկերացում եւ հստակ քաղաքականություն չունենալը։ Ոչ Զոհրաբ Մնացականյանը, ոչ Փաշինյանը չկարողացան օգտվել ընձեռած հնարավորությունից՝ ներկայացնելու Ղարաբաղի հակամարտության էությունը. որ դա միջպետական տարածքային վեճ չէ, այլ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պայքար, որի սահմանադրական ընթացքին Ադրբեջանը պատասխանել է պատերազմով։ (Ապշել կարելի է, բայց երկու հարցազրույցում էլ չհնչեց «ինքնորոշում» բառը, որն այսօրվա միջազգային քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը լինելով՝ ընկած է Հայաստանի պաշտոնական քաղաքականության հիմքում)։ Փոխարենը, նորից անդրադարձ կատարվեց հազարամյա պատմությանը, մի բան, որն ուղղակի մերժվում է ժամանակակից աշխարհի հակամարտությունների կարգավորման դիվանագիտության մեջ եւ նման խոսակցության դիմողին անմիջապես դնում է ագրեսորի կարգավիճակի մեջ։

Ռազմական հանցագործությունների համար ներողություն խնդրելու հարցը ուներ շատ պարզ պատասխան. Հայաստանի ռեգուլյար բանակը երբեւէ չի գտնվել Ադրբեջանի տարածքում, հետեւաբար նրան որեւէ հանցագործություն վերագրելը իրականության աղավաղում է։ Իսկ էսպես տպավորություն ստեղծվեց, որ ՀՀ֊ն գործել է ռազմական հանցագործություններ, բայց վարչապետը խուսափում է դրանց գնահատական տալուց։

Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ընտրության հարցը նույնպես շատ պարզ պատասխան ուներ։ Իրականում որեւէ ընտրություն գոյություն չունի։ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը այլընտրանք չունի, քանի որ ՆԱՏՕ-ն որպես կոլեկտիվ անվտանգության համակարգ հասանելի չէ Հարավային Կովկասի երկրների (անգամ նրան անդամակցելու ձգտող Վրաստանի) համար։ Էլ չասած, որ ՆԱՏՕ-ի անհնազանդ եւ օրեցօր ավելի ագրեսիվ անդամ Թուրքիան ուղղակի գոյության սպառնալիք է դարձել Հայաստանի համար։ Իրանի հետ հարաբերությունների նկատմամբ ամերիկյան արգելքի հարցին պետք էր պատասխանել, որ Իրանի հետ հարաբերությունները բլոկադայի պայմաններում ունեն կենսական նշանակություն, եւ Հայաստանը, չդավանելով ճամբարային քաղաքականություն, բանեցնում է իր սուվերեն իրավունքը՝ բոլորի, այդ թվում Միացյալ Նահանգների հետ արդյունավետ համագործակցություն ունենալու առումով։

Հայաստանի վարկանիշի համար ավելի լավ կլիներ, որ այդ երկու հարցազրույցները ընդհանրապես չկայանային։

Back to top button
Close