Նորություններ

«Փաշինյանի պատասխանները ավելի շատ պաշտպանվողի պատասխաններ էին, քան իր տեղը իմացող երկրի ղեկավարի». Լարիսա Ալավերդյան

«Ես՝ տարիներ շարունակ արցախյան հարցերով զբաղվող փորձագետ, պետք է ասեմ, որ շատ հարցերից պարոն Փաշինյանը ուղղակի անտեղյակ է: Չեմ կարծում, որ գիտի և պատասխանում է այնպես, ինչպես պատասխանում է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի BBC հեռուստաալիքի HARDtalk հաղորդման շրջանակում տված հարցազրույցին:

Լարիսա Ալավերդյան

Ալավերդյանի խոսքերով՝ շատ հարցեր կային, որոնք վիրավորական էր լսել. «Մասնավորապես, երբ Սթիվեն Սակուրը հարցրեց Հայաստանի կողմից ռազմական հանցագործությունների մասին և ասաց, որ եվրոպական դատարանում այդպիսի գործերով կատալոգ կա: Ի պատասխան՝ փոխարենը հստակեցվեր, որ ով է գործել ռազմական այդ հանցագործությունները, երկու բան լսեցի, որը ինձ զարմացրեց. առաջինը՝ պատերազմի ժամանակ տեղի են ունենում տարբեր ողբերգություններ, և երկրորդը՝ Եվրադատարանում նման կատալոգ կա ադրբեջանցիների կատարած ոճրագործությունների վերաբերյալ: Այսինքն՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի  թեթև ձեռքով՝ այն գործողությունները, որոնք ցեղասպանական  բնույթ են կրում բոլոր առումներով, որը արել են ադրբեջանական զինվորները, և ոչ միայն, հավասարեցվել է ուղղակի  մարտական գործողությունների»,- ասում է Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ Եվրադատարանը չունի որևէ գործ, որը նման լինի Մամիկոն Խոջայանի կտտանքների ընթացքին և դրանից հետագայում  մահանալուն, Կարեն Պետրոսյանի սպանությանը:

Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պատասխանին, հայտարարեց, որ վարչապետի կողմից առաջարկված հակամարտության վերաբերյալ ֆորմուլան ռեալ իրականությունից հեռու է:

«Ոչ իրազեկված մարդն էլ կհասկանա, լինի դա թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, որ այդպիսի լուծում չի կարող լինել: Քանի որ Ադրբեջանը ստեղծվել է,  զարգացել, կայացել է և մինչև այսօր կայանում է որպես  մեկ նպատակ ունեցող պետություն, այն է՝ հայության ոչնչացումը:

Ես ուզում եմ հասկանալ, առաջարկված  լուծումը չիմացությա՞ն արդյունք է, թե՞ ինչ-որ մի այլ բան է, որովհետև այդպիսի լուծում միայն բանաստեղծության մեջ կարելի է  ասել: Եթե մենք խոսում ենք ռեալ քաղաքականության մասին, և մեր դիմաց կանգնած է այլ քաղաքական վերնախավ (ոչ թե միայն այսօր, այլ հարյուր տարուց ավելի), որը անթաքույց ասում է, թե ինչի համար է ստեղծված եղել Թուրքիայի կողմից, այդպիսի լուծում  ուղղակի  չի կարող լինել, դա լուրջ չի ընդունվում»:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ դա վարչապետի կողմից ավելի շատ պատասխանից խուսափելու միջոց էր.

«Երբ նա ասում է, որ Ադրբեջանը եթե համաձայնվի մեզ հետ, մենք էլ ենք պատրաստ փոխզիջումների, կցանկանայի վերջապես  իմանալ՝ պարոն Փաշինյանը ինչ իրավունքով է պատրաստ գնալ զիջումների: Դա անհետևողական և  անհեթեթ պատասխան է:

Մի կողմից Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե հայտարարել է, որ ինքը Արցախի հարցի լուծողը չէ, որովհետև ընտրված չէ Արցախի ժողովրդի կողմից, ի տարբերություն Իլհամ Ալիևի, վերջինս ընտրված է նաև այն ադրբեջանցիների կողմից, որոնք լքել են իրենց այն տարածքները, որոնք իրենք էլ լավ գիտեին, որ իրենց չի պատկանում:

Մյուս կողմից էլ հստակեցնեն, որ մենք հասկանանք՝ ինչ է հասկացնում Փաշինյանը, և ի վերջո մի անգամ կարելի է, չէ՞, փակագծերը բացել՝ դրանք ինչ փոխզիջումներ են: Ես նորից եմ կրկնում, որ նա փոխզիջումներ անելու իրավունք չունի, որովհետև դրանք իրեն ենթակա տարածքներ  չեն»:

Սթիվեն Սակուրը Փաշինյանին հիշեցրեց անցած տարվա օգոստոսը, երբ վարչապետն  այցելել էր  Ստեփանակերտ և ելույթում հայտարարել, որ Արցախը Հայաստան է և վերջ, և հաղորդավարը դա  «գրեթե սադրանք» որակեց։

Վարչապետն էլ ի պատասխան ասաց, որ ասել է Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, Հայաստան է և վերջ, որովհետև առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղը հազարամյակներով բնակեցված է բնիկ հայ ժողովրդով, և ի դեպ, Արցախ անվանումը նույնպես մի քանի հազար տարի գոյություն ունեցող տեղանուն է:

Սակուրի նման որակումից արդյո՞ք համարժեք էր վարչապետի պատասխանը, հարցին Ալավերդյանը պատասխանեց.

«Տրվեց ոչ համարժեք պատասխան, որովհետև նախ և առաջ այնտեղ հայերը չեն բնակվել, դա իրենց բնօրրան է եղել: Խոսքերի մեջ  մեծ հայեցակարգային տարբերություններ կան: Կոպիտ սխալ է ասել, որ այնտեղ հայերը ապրում էին հազարամյակներ, և Արցախ անվանումը դա է, և երկրորդ՝ ես ընդհանրապես բարոյական իրավունքի հարց եմ դնում. այն, ինչ ասել է Լեոնիդ Ազգալդյանը, լինելով ազատամարտիկ, մտածող, ես չեմ կարծում, որ իր հետևից բոլորը կարող են կրկնել՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է և վերջ:

Երբ ասում է Լեոնիդ Ազգալդյանը՝ որպես ազատամարտիկ, ով պայքարում էր  Արցախի միացման  համար, դա բոլորովին այլ էր:

Այլ է, երբ դա ասում է երկրի ղեկավարը, որն, ի դեպ, չի մասնակցել, ձևեր է գտել պայքարին մասնակցելուց խուսափելուն և այն ժամանակ դա ասելու, և այսօր դա ասելը դիտվում է որպես սադրանք: Նիկոլ Փաշինյանը կարող էր մեջբերել այնպիսի բաներ, որ արել է Ալիևը:

Փաշինյանի պատասխանները ավելի շատ պաշտպանվողի պատասխաններ էին, քան իր տեղը իմացող երկրի ղեկավարի, և ես կարծում եմ, որ այստեղ պատճառներ կան:

Մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը համարում է, որ  ՀՀ կառավարման 30 տարիները եղել են խայտառակություն, և միայն իրենից է սկսվում Հայաստանի լավ պատմությունը,  և այս առումով մնում եմ այն կարծիքին, որ ժամանակին, ինչպես իր թերթում հոդվածներում մտքեր էր արտահայտում, որոնք ամբողջովին հակասում են  և՛ հայ պատմությանը, հայ փիլիսոփայությանը, հայի կերպարին, կարծում եմ՝ այդ հետքերը մինչ օրս մնացել են»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

 

                                                           Անահիտ   Չալիկյան

 

Back to top button
Close