Նորություններ

Լուկաշենկոն արդեն զզվեցրել է թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, և 2 կողմն էլ կուզենան ազատվել նրանից. Խուրշուդյան

«Լավագույն տարբերակը կլինի այն, որ օր առաջ դիկտատոր Լուկաշենկոն հասկանա, որ նման կերպ չի կարող իշխանությունը երկար պահել, եւ եթե նույնիսկ նրան հաջողվի այս փուլում բռնաճնշել կեղծված ընտրությունների դեմ  ընդդիմության պայքարը, ապա ես չեմ կարծում, որ իշխանությունը կարող է պահպանել մինչև հաջորդ ընտրություններ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցող հետընտրական զարգացումներին:

Խուրշուդյանի խոսքերով՝ զարգացումները բավականին անկանխատեսելի են և գնալով ավելի մեծ ճաքեր է տալիս իշխանության ներսից, որովհետև մարդիկ իշխանության ներսում հասկանոււմ են, որ Լուկաշենկոն այլևս չի տիրապետում երկրում տեղի ունեցող իրավիճակին:

«Լրագրողներ են պետական Հ/Ը-ներից դուրս գալիս, ոստիկաններ են դուրս գալիս աշխատանքից: Կարծում եմ, որ նրանց օրինակին պատգամավորներն էլ կհետևեն»:

Հովսեփ Խուրշուդյանը, անդրադառնալով նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի՝ երկրից հեռանալու  որոշմանը, նշեց.

«Ես կարծում եմ, որ նման որոշումը կարող էր երկու պատճառ ունենալ: Կարող էր պայմանավորված լինել ամուսնու նկատմամբ անհանգստությամբ, որովհետև Տիխանովսկայայի ամուսինը բլոգեր է, ով բանտարկված է և փաստորեն պատանդ է պահվում Լուկաշենկոյի կողմից:

Չեմ կարծում, որ Սվետլանա Տիխանովսկայան, երբ մտավ, այսպես ասած, պայքարի մեջ, չգիտեր՝ ինչ կարող է սպառնալ իր ամուսնուն:

Մյուս տարբերակը գուցե ինչ-որ ճնշումներ գործադրվել են իր հանդեպ, գուցե իր դեմ կոմպրոմատներ կան:

ԿԳԲ-ի ավանդույթների վրա ձևավորված պետությունը չէր կարող նման մեթոդներ չկիրառել բոլոր իր մրցակիցների հանդեպ»:

Լարված իրավիճակի ձեւավորմամբ ո՞ր երկրներն են շահագրգիռ, և ինչքանո՞վ է հավանական, որ առկա է Ռուսաստանի ստվերային միջամտությունը: Հարցին Խուրշուդյանը պատասխանեց.

«Այսօր այն վիճակն է, որ Լուկաշենկոն արդեն զզվեցրել է թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, և երկու կողմն էլ կուզենան ազատվել նրանից, բայց յուրաքանչյուր կողմ ձգտում է, որ իր պատկերացրած թեկնածուն դառնա Բելառուսի ղեկավար:

Արևմուտքը կուզենար, որ ժողովրդավար, ժողովրդի կամքը արտահայտող մեկը լինի, իսկ Ռուսաստանը կուզենար իր կամակատարը լիներ:

Եթե այնպես ստացվի, որ Լուկաշենկոն ճնշման տակ հրաժարական տա, կարծում եմ դա կլինի նոր ընտրությունների միջոցով:

Այսօր արդեն արևմուտքից ճնշումներն ակնհայտ է, ԱՄՆ-ն հայտարարել է, որ նավթի վաճառքը կդադարեցնի Բելառուսում, Եվրամիությունը պատժամիջոցների մասին է խոսում: Ամեն դեպքում՝ սցենարը տանում  է արմատական փոփոխությունների  Բելառուսում»:

Խուրշուդյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձին՝ ուղղված Լուկաշենկոյին, և հնչած քննադատություններին:

«Նիկոլ Փաշինյանն առաջիններից չէր, Պուտինից և այլ ղեկավարներից հետո է շնորհավորել, համենայնդեպս, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ ամբողջախումբը շնորհավորել է Լուկաշենկոյին, դրան գումարվել են Ալիևը և էրդողանը, և այդ բոլորի շարքում եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, համենայնդեպս, վարչապետի տեսակետից, գուցե դա կարող էր որոշակի խնդիրներ առաջացնել Հայաստանի համար թե՛ այդ խմբում, թե՛ Լուկաշենկոյի կողմից, եթե հանկարծ շարունակի պաշտոնավարել:

Լուկաշենկոն ունի որոշակի լծակներ Հայաստանին դեմ քայլեր անելու, եթե Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեր կամ սպասեր՝ թե ինչ է տեղի ունենալու և հետո նոր շնորհավորեր:

Ամեն դեպքում հասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը առաջնորդվեց բացառապես Հայաստանի անվտանգային շահերով: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը դեռևս այդ հզորությունը չունի, որ աշխարհով մեկ աջակցի ժողովրդավարական միջոցառումներին»,-եզրափակեց Խուրշուդյանը:

Հիշեցնենք, որ կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Բելառուսում անհանգիստ է: Մայրաքաղաք Մինսկում և այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են: Ուժայինները բռնի գործողությունների են դիմում, ձերբակալվել են հազարավոր ցուցարարներ, հարուցվել են քրեական գործեր, կա զոհ:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close