Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արագածոտնի թեմի քահանաներին

Օգոստոսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ընդունեց Արագածոտնի թեմի քահանայից դասին` առաջնորդությամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի:

Տերունական աղոթքից հետո «Հայաստանի կրոնական փոքրամասնությունների առանձնահատկությունները» թեմայով բանախոսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հայր Սուրբը ներկայացրեց Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների գործունեությունը և դրանց նկատմամբ Մայր Աթոռի որդեգրած մոտեցումները: Քննարկումների ընթացքում Հայր Շահեն անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու և ավանդական մյուս եկեղեցիների միջև ձևավորված միջկրոնական, ծիսական փոխհարաբերություններին ու առկա խնդիրներին:

Այնուհետև հանդիպմանը Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների, դրանցում առկա խնդիրների, մարտահրավերների և արտահայտված մտահոգությունների մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ մեկ անգամ ևս հաստատելով Մայր Աթոռի դիրքորոշումներն այս հարցերի վերաբերյալ: Հայր Զաքարիան մասնավոր անդրադարձ կատարեց նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկային՝ նշելով, որ անընդունելի է առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից։

Զեկույցից հետո տեղի ունեցած քննարկումների ժամանակ Նորին Սրբությունը, պատասխանելով քահանաների հարցերին, կարևոր համարեց Եկեղեցու և հոգևորականների դերակատարությունը սերունդների կրթադաստիարակչական գործում` ընդգծելով յուրաքանչյուր հոգևորականի անշահախնդիր ծառայության կարևորությունը համայնքներից ներս:

Իրենց հերթին քահանա հայրերը Հայոց Հայրապետին տեղեկություններ փոխանցեցին իրենց համայնքներում ծավալած գործունեության և իրականացվող ծրագրերի մասին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց թեմի քահանայից դասին՝ իրենց հովվական ծառայությունն անմնացորդ նվիրումով իրականացնելու համար։ Վեհափառ Հայրապետը կարևորեց ծխական համայնքների ձևավորումը՝ ի նպաստ հոգևոր կյանքի առավել զարգացման ու Եկեղեցու առաքելության առավել արդյունավորման: Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը փոխանցեց Մկրտիչ Սրբազանին թեմի հոգևոր կյանքի առաջընթացին ուղղված ջանադիր աշխատանքի ու անսպառ եռանդի համար:

Հայոց Հովվապետը եկեղեցականներին հորդորեց նույն ջանասիրությամբ ու նախանձախնդրությամբ շարունակել իրենց ծառայությունը հանուն հայ ժողովրդի  բարօրության և հայրենի երկրի պայծառացման ու զորացման:

 

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց

Արագածոտնի թեմի քահանաներին

Օգոստոսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «վաչէ եւ Թամար Մանուկեանէ Մատենադարանում ընդունեց Արագածոտնի թեմի քահանայից դասին` առաջնորդութեամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռօշեանի:

Տէրունական աղօթքից յետոյ «Հայաստանի կրօնական փոքրամասնութիւնների առանձնայատկութիւնները» թեմայով բանախօսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը: Հայր Սուրբը ներկայացրեց Հայաստանում գործող կրօնական կազմակերպութիւնների գործունէութիւնը եւ դրանց նկատմամբ Մայր Աթոռի որդեգրած մօտեցումները: Քննարկումների ընթացքում Հայր Շահէն անդրադարձաւ նաեւ Հայ Եկեղեցու եւ աւանդական միւս եկեղեցիների միջեւ ձեւաւորուած միջկրօնական, ծիսական փոխյարաբերութիւններին ու առկայ խնդիրներին:

Այնուհետեւ հանդիպմանը Հանրակրթութեան պետական չափորոշչի եւ առարկայական չափորոշիչների, դրանցում առկայ խնդիրների, մարտահրաւէրների եւ արտայայտուած մտահոգութիւնների մասին զեկոյց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Հոգեշնորհ Տ․ Զաքարիայ ծայրագոյն վարդապետ Բաղումեանը` մէկ անգամ եւս հաստատելով Մայր Աթոռի դիրքորոշումներն այս հարցերի վերաբերեալ: Հայր Զաքարիան մասնաւոր անդրադարձ կատարեց նաեւ «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկային` նշելով, որ անընդունելի է առարկայի` որպէս առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից:

Զեկոյցից յետոյ տեղի ունեցած քննարկումների ժամանակ Նորին Սրբութիւնը, պատասխանելով քահանաների հարցերին, կարեւոր համարեց Եկեղեցու եւ հոգեւորականների դերակատարութիւնը սերունդների կրթադաստիարակչական գործում` ընդգծելով իւրաքանչիւր հոգեւորականի անշահախնդիր ծառայութեան կարեւորութիւնը համայնքներից ներս:

Իրենց հերթին քահանայ հայրերը Հայոց Հայրապետին տեղեկութիւններ փոխանցեցին իրենց համայնքներում ծաւալած գործունէութեան եւ իրականացուող ծրագրերի մասին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը յայտնեց թեմի քահանայից դասին` իրենց հովուական ծառայութիւնն անմնացորդ նուիրումով իրականացնելու համար: Վեհափառ Հայրապետը կարեւորեց ծխական համայնքների ձեւաւորումը` ի նպաստ հոգեւոր կեանքի առաւել զարգացման ու Եկեղեցու առաքելութեան առաւել արդիւնաւորման: Նորին Սրբութիւնը նաեւ իր գնահատանքը փոխանցեց Մկրտիչ Սրբազանին թեմի հոգեւոր կեանքի առաջընթացին ուղղուած ջանադիր աշխատանքի ու անսպառ եռանդի համար:

Հայոց Հովուապետը եկեղեցականներին յորդորեց նոյն ջանասիրութեամբ ու նախանձախնդրութեամբ շարունակել իրենց ծառայութիւնը յանուն հայ ժողովրդի  բարօրութեան եւ հայրենի երկրի պայծառացման ու զօրացման:

Back to top button
Close