Նորություններ

«Ադրբեջանական մամուլը փորձեց ցույց տալ, որ իբր Ալիևը կոշտ հայտարարություն է արել և պահանջել Ռուսաստանից դադարեցնել զենքի մատակարարումները». թուրքագետ

Օգոստոսի 12-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Իլհամ Ալիև-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցը: Ի՞նչ նպատակ էր հետապնդում Ալիևի նման նախաձեռնությունը, արդյո՞ք Ադրբեջանի նախագահին անհանգստացնում է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Ռուսաստանի դերակատարությունը:

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է թուրքագետ Սոնա Սուքիասյանի հետ:

«Ռուսաստանը կարևոր ներդրում ունի որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր, ակտիվ կերպով ներգրավված է բանակցային գործընթացներում, բացի դրանից Հարավային Կովկասում իր ազդեցությունն ունի, հետևաբար պետք է հաշվի նստել Ռուսաստանի դիրքորոշման հետ և, բնականաբար, Ադրբեջանին ձեռնտու կլինի, որ Ռուսաստանն աջակցություն ցուցաբերի ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին:

Սոնա Սուքիասյան

Երբ լարվածությունը շարունակում է պահպանված մնալ, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ուղերձներ հղել ԵԱՀԿ Մինսկի խմբին և առաջին հերթին հենց Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և ռազմամթերք է մատակարարում Հայաստանին. այդպիսով փորձում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում իրականացվող բանակցություններում որևէ փոփոխություն իրականացնել՝ hօգուտ ադրբեջանական կողմի»,- կարծիք հայտնեց Սոնա Սուքիասյանը:

Թուրքագետի կարծիքով՝ բնական է, որ Ալիևը որևէ կերպ փորձելու էր իր դժգոհությունն արտահայտել ռուսական կողմին.

«Որևէ արտառոց հայտարարություն չեղավ Ալիևի կողմից, և բնականաբար ադրբեջանական մամուլը փորձեց ցույց տալ այդ հայտարարություններն այնպես, որ իբր Ալիևը կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ պահանջելով Ռուսաստանից, որպեսզի դադարեցնի զենքի մատակարարումները, բայց հասկանալի է, որ դրանք ավելի շատ քարոզչական բնույթ են կրում»:

Սուքիասյանի խոսքերով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տավուշյան սահմանին միջադեպերից հետո Ալիևը և Ադրբեջանը փորձում են տարբեր ուղղություններով ճնշում գործադրել Հայաստանի վրա.

«Շատ ինտենսիվ կերպով Թուրքիայի հետ համատեղ հայտարարություններ են անում և՛ քարոզչական մակարդակով, և՛ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են իրականացնում: Հիմնականն այն է, որ Թուրքիան և Ադրբեջանը պարբերաբար հայտարարում են ու նաև մեղադրում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի իրականացնում իր բոլոր պարտականությունները և ջանքեր չի ներդնում, որպեսզի կարողանա հանգուցալուծում տալ հակամարտությանը: Բնականաբար, հակամարտությունը, ըստ ադրբեջանական կողմի պատկերացման, պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Նաև շատ է խոսվում այն մասին, որ Թուրքիան ևս պետք է միանա բանակցությունների գործընթացին, որովհետև Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, սակայն բանակցություններում, այդ գործընթացներում ընդգրկված չէ, որովհետև թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմը, գիտակցելով Թուրքիայի կողմնակալ վերաբերմունքը, և ամբողջ ԵԱՀԿ-ը, հասկանալով Թուրքիայի միակողմանի աջակցությունը Ադրբեջանին, չէին կարող թույլ տալ, որ նման փոփոխություն իրականացվի բանակցային գործընթացում:

Ինչ վերաբերում է 2 երկրների միջև ռազմատեխնիկական գործարքներին, Սուքիասյանը նշեց.

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երբեք էլ չի դադարել զենքի մատակարարումները, և չի բացառվում, որ Ռուսաստանն այլ զինտեխնիկա էլ կմատակարարի Ադրբեջանին, զինտեխնիկայի մատակարարման պարագայում չկա կտրուկ դադարեցում»:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close