Նորություններ

ԱՄԷ-Իսրայել գործարքի համընդհանուր նշանակությունը նաև Հայաստանի տեսանկյունից

ԱՄՆ-ի միջնորդությամբ կայացած ԱՄԷ-ի և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավման գործարքը կարևորագույն զարգացում է Մերձավոր Արևելքի համար միաժամանակ մի քանի հարթությունում։ Դրանցից մի քանիսը՝ ստորև։

1.Գործընթացը նպաստելու է տարածաշրջանային անվտանգային միջավայրի բարելավմանը՝ իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորման տրամաբանության սկզբունքային փոփոխության տեսանկյունից։

2.Զգալիորեն ամրապնդվելու է Իսրայելի անվտանգային միջավայրը։ Եգիպտոսից և Հորդանանից բացի,արդեն երրորդ արաբական երկրի՝ ԱՄԷ-ի հետ հնարավոր հաշտության պայմանագիրը նպատակաուղղված ջանքերի գործադրման պարագայում կարող է շղթայական ռեակցիայի էֆֆեկտ ունենալ՝ նաև այլ արաբական երկրների ներառելով Թել Ավիվի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում։

3.Պաղեստինյան տարածքներում՝ Արևմտյան ափում և Գազայում, իշխող արմատական ուժերն Իսրայելի հարցում իրենց անզիջում դիրքորոշման առարկայացման հարցում առավել հակվելու են դեպի Իրան և Թուրքիա։

4.Նախորդ կետի համատեքստում տարածաշրջանում առավել սրվելու է Իրան-Թուրքիա-արաբական առանցքային դերակատարներ մրցակցությունը։ Դրա՝ պաղեստինյան ճակատում արաբական երկրների հաջողությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը մեկտեղվի նաև Իսրայել-Պաղեստին հիմնախնդրի հանգուցալուծմամբ(սաուդական համաարաբական նախաձեռնության տրամաբանությամբ)։

5.Առավել առարկայական է դառնում տարածաշրջանում Թուրքիայի, Իրանի հավակնություններին դիմակայելու հարցում ավելի ընդլայնված ձևաչափերի ստեղծման հնարավորությունը։ Իսրայելի արտաքին քաղաքականության օրակարգում կարող է շոշափելիորեն նվազել ոչ արաբական մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների զարգացման նշանակությունը։

6.Էականորեն մեծանում է ԱՄԷ-ի՝ որպես տարածաշրջանային ազդեցիկ դերակատարի կարևորությունը։ Ավելին, ներկայում Սաուդյան Արաբիայում և նրա հետ կապված մի շարք իրողությունների պայմաններում արաբական երկրների շարքում «առաջին ջութակի» դերում խաղում է հենց Աբու Դաբին՝ թիկունքում ունենալով արաբական լայն համախոհություն։

7.Տարածաշրջանում զգալիորեն աճելու է ԱՄՆ-ի հեղինակությունն ու ազդեցությունը։ Նախագահության առաջին շրջանի վերջին Դոնալդ Թրամփի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականութունը համակարգող թիմին հաջողվեց ի կատար ածել դեռևս նախագահի առաջին արտասահմանյան այցի ընթացքում ուրվագծված ծրագրերի ևս մի կարևոր հատված։

8.Հայաստանի տեսանկյունից, անհրաժեշտ է ակնդետորեն հետևել առաջիկա զարգացումներին։ Եթե այս գործընթացը որոշակի մակարդակում չունենար նաև հակաիրանական ուղղվածություն, ապա միանշանակորեն կարելի էր անգամ հրապարակայնորեն ողջունել այն։ Այդուհանդերձ, Երևանի համար առավել լայն հնարավորություններ են բացվում հարևան թշնամական տրամադրություններն նաև այլ տարածաշրջաններում սաստելու տեսանկյունից։

Back to top button
Close