Նորություններ

Գինի և կոնյակ արտադրող ու վաճառող կազմակերպություններն ունեն վաճառքի ծավալների զգալի կրճատում՝ ավելի քան 30%-ով. նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու 24-րդ ծրագիրը, որը գյուղոլորտին է ուղղված:

«Չնայած այս աջակցությունն ուղղված է գինեգործությամբ և կոնյակագործությամբ զբաղվող կազմակերպություններին, այս աջակցության առանձնահատուկ պայմանն այն է, որ գումարները ստանում են ոչ թե կազմակերպությունները, այլ գյուղացիական տնտեսությունները, որոնք խաղող են վաճառել մթերող կազմակերպություններին»,-հայտարարեց նախարարը:

Այսինքն, յուրաքանչյուր վաճառքի դեպքում, որ մթերող կազմակերպությունը կարողանա ժամանակին վճարել ֆերմային տնտեսությանը մթերված խաղողի դիմաց, կառավարությունն այս խնդիրը լուծելու համար անտոկոս վարկային միջոցներ է հատկացնում:

«Այդ անտոկոս  վարկային միջոցները տնտեսվարողի կողմից օգտագործվում են ֆերմային տնտեսություններից մթերված խաղողի դիմաց վճարումների համար: Այնուհետև կազմակերպությունը երկու տարիների ընթացքում վերադարձնում է կառավարությանը հարկային միջոցներով»,-հայտնեց Խաչատրյանը:

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ այս տարի կորոնավիրուսով պայմանավորված գինի և կոնյակ արտադրող և վաճառող կազմակերպությունները թե՛ ներքին և թե՛ արտահանման շուկաներում ունեն վաճառքի ծավալների զգալի կրճատում՝ ավելի քան 30%-ով:

Նախարարն ընդգծեց, որ հստակ թվեր չունեն, թե այս տարի խաղողի մթերումն ինչ ծավալների կլինի: Թվերը պարզ կդառնան վաճառքի օրերին:

«Խոսքը բազմահազար գյուղատնտեսական տնտեսությունների մասին է: Նախորդ տարվա ընթացքում մթերումների ծավալը մոտավորապես 160 հազար տոննա է եղել: Հոկտեմբերին հանդես կգանք թվային տվյալներով, թե որքան գնումներ են կատարվել»,- հայտարարեց էկոնոմիկայի նախարարը:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close