Նորություններ

Եթե պարզվի, որ որևէ կազմակերպություն եկամուտները հաստատող փաստաթղթերը դուրս չի գրում, ապա դա հիմք է հանդիսանում, որ կազմակերպությունը դադարի օգտվել աջակցությունից. նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց երեկ կառավարության նիստում ընդունված կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու 23-րդ և 24-րդ  աջակցության ծրագրերը:

«Կառավարության կողմից շարունակվում են հակաճգնաժամային միջոցառումները, որոնք նպատակ ունեն միջոցառումների տեսքով մեղմել այն դժվարությունները, որոնք  առկա են տնտեսության տարբեր ոլորտներում: Միջոցառումներից մեկը կապ ունի  զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայությունների երեք բնագավառներում աջակցության հարցերին, իսկ մյուսը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսվարողներին»,- հայտարարեց էկոնոմիկայի նախարարը:

Խաչատրյանը մանրամասնեց աջակցության ծրագրերի բովանդակությունը:

«23-րդ միջոցառումը վերաբերում է  զբոսաշրջության ոլորտին առնչվող երեք բնագավառներին՝ հանրային սննդի, գիշերակացի  կամ հյուրանոցային և առողջարանային  ծառայությունների ոլորտին  և զբոսաշրջային գործակալությունների գործունեությանն առնչվող ոլորտներում աջակցության ցուցաբերմանը»:

Նրա խոսքերով՝ քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ նշված բնագավառում գործող կազմակերպությունների առջև ծառացած խնդիրներից է անձնակազմի պահպանումը, որովհետև տարբեր ոլորտներում տնտեսական ակտիվության ցուցանիշը չի գերազանցում 50%-ը: «Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կազմակերպություններն ունեն ավելի քան կիսով չափ կրճատված կամ երկու անգամ կրճատված շրջանառություններ, և մյուս կողմից՝ այս իրավիճակում ցանկանում են պահպանել աշխատատեղերը և  այն աշխատակիցներին, որոնք կոլեկտիվի մի մասն են կազմում և չնայած դժվարություններին՝ շարունակել են գործել, մինչև տնտեսական ակտիվության վերականգնման ուժով կկարողանան հասնել բնականոն գործունեության շրջանառություններին»,- նշեց նախարարը:

Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ աջակցության ծրագիրը միտված է աշխատատեղերի պահպանմանը, և մի քանի կանոններ կան աջակցության հիմքում:

Ծրագիրը խրախուսում կամ խթանում է  այն կազմակերպություններին, որոնք չնայած ֆինանսական եկամուտների էական կրճատմանը, ունեցել են կամ շարունակել են պահպանել աշխատողների ավելի քան 70 %-ը.

«Այդ կազմակերպությունները կստանան աջակցություն յուրաքանչյուր երրորդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորման չափով կամ աշխատավարձի ֆոնդի 33%-ի չափով: Այն կազմակերպությունները, որոնց չի հաջողվել պահպանել անձնակազմի 70%-ը, նույնպես կօգտվեն աջակցությունից, սակայն յուրաքանչյուր չորրորդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորման չափով կամ աշխատավարձի ֆոնդի 25%-ի չափով»,- հայտարարեց Տիգրան Խաչատրյանը:

Աջակցությունը հայտարարված է տևական ժամանակահատվածի հաջորդ 9 ամիսների  համար:

Էկոնոմիկայի նախարարը անդրադարձավ նաև  ծրագրի սահմանափակումներին:

Ծրագրից չեն կարող օգտվել այն կազմակերպությունները, որոնք  կառավարության 2019թ. որոշմամբ ԱԱՀ հետ են ստացել, և այն կազմակերպությունները, որոնք 2020թ. մարտից հետո 50%-ից ավելի կրճատել են աշխատողներին:

Նախարարի խոսքով՝ այս ստեղծված դժվարին ժամանակահատվածը հաղթահարելու համար հարկատուները պետք է բարեխղճորեն կատարեն իրենց հարկային պարտավորությունները:

«Եթե պարզվի, որ որևէ կազմակերպություն իր կողմից եկամուտները հաստատող փաստաթղթերը դուրս չի գրում (ՀԴՄ շահագործման կանոնների խախտումը, փաստաթղթային հաշիվների դուրս չգրումը), ապա դա արձանագրելուց հետո և եթե որոշումն ուժի մեջ սահմանված կարգով, հիմք է հանդիսանում, որ կազմակերպությունը  դադարի օգտվել աջակցությունից»:

 

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close