Նորություններ

Կանոնների պահպանման շնորհիվ ոչ միայն կորոնավիրուսի տարածումն է նվազել, այլ վարակներից ևս հնարավոր է եղել խուսափել. վարակաբան

«Հիվանդների թիվը պակասել է, և դա ուրախալի լուր է բոլորիս համար: Մենք բավականին ծանրաբեռնված ենք աշխատել ամառվա ամիսների ընթացքում և ունեինք հարյուրից ավելի հիվանդ ոչ միայն Շիրակի մարզից, այլև այլ մարզերից:  Այս պահին մեզ մոտ բուժում են ստանում  հիվանդներ Վանաձորից և Շիրակի մարզից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Կարինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մարզում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակին:

Հովհաննիսյանի խոսքերով՝ համավարակը լիովին հաղթահարված համարելու մասին դեռ վաղ է խոսելը, որովհետև նոր հաստատված դեպքեր կան, բայց կարող ենք ասել, որ մեջքը կոտրել ենք:

Նրա պնդմամբ՝ Քովիդ-19-ը դեռ լիարժեք ուսումնասիրված չէ: Վարակի մասին շատ բաներ գիտենք, որ արագ մուտացիայի է ենթարկվում, կողմնակի ազդեցությունների մասին գիտենք, բայց կանխավ ոչինչ ասել հնարավոր չէ:

Կարինե Հովհաննիսյան
Կարինե Հովհաննիսյան

«Համաճարակի երկրորդ ալիքի մասին խոսելը վաղ է. չի բացառվում, որ կարող է նաև չլինել, որովհետև ինֆեկցիան  տանելուց հետո յուրաքանչյուր օրգանիզմում մնում են հակամարմիններ, որոնք ապահովում են հետագա դիմադրողականությունը հիվանդի և արդեն առողջացած մարդու: Դիմադրողականությունն առնվազն մինչև 6-7 ամիս պահպանվում է և ապահովում է հիվանդի հետագա չվարակվելու հավանականությունը»,- նշեց  բժիշկը:

Վարակաբանը վիրուսի տարածման տեմպերի նվազումը պայմանավորում է ոչ միայն հակահամաճարակային կանոնների պահպանության,  այլ նաև հայտնաբերելիության հետ:

«Մարտին քիչ էին նմուշառվում մարդիկ, հետո աշխատանքային ուղեցույցը փոխվեց, ստացվեց այնպես, որ պետք է նմուշառվեին նրանք, ովքեր կոնտակտավոր էին դրականների հետ:

Հետո որոշվեց, որ պետք է նմուշառվեն բոլոր նրանք, ովքեր ջերմում էին կամ ունենում էին գանգատներ. օրինակ՝ եզակի հազ, չոր հազ, կոկորդի ցավ: Աշխատանքային ուղեցույցի փոփոխությունը փոխեց նաև հետազոտությունների թիվը:

Երբ շատ են թեստավորում, նմուշառվում, այնքան  շատ էլ հայտնաբերվում են դեպքերը. դա մեխանիկական օրենքի կանոն է: Հանրապետությունում մարտին թեստերի քանակն այլ էր, հիմա այլ է:

Դրանով պայմանավորված՝ հունիս, հուլիս ամիսներին մինչև 800 հիվանդ էինք ունենում, որովհետև թեստավորում էինք բոլորին անխտիր»,- հայտնեց Հովհաննիսյանը:

Վարակաբանի կարծիքով՝ մեծ քանակով բռնկում հնարավոր չէ, որովհետև ՀՀ բնակիչների մեծ մասը հիվանդացավ, լավացավ՝ մի մասը հիվանդանոցներում, մի մասն անախտանիշ ձևով, թեթև ընթացքով:

«Մարտի 1-ից սկսած, եթե նայենք հիվանդացության աճին, մեծ քանակությամբ մարդիկ հիվանդացան, բայց կան նաև այդ մարդկանց ընտանիքի անդամները, ովքեր չեն նմուշառվել և հիվանդությունը տարել են անախտանիշ, բուժհաստատություններ չեն դիմել: Հետևաբար, այդ մարդիկ չեն մտնում դրական ախտանիշներով ցուցանիշների մեջ. մենք թիվը չենք տեսնում, բայց անձը հիվանդացել, լավացել է»:

Կարինե Հովհաննիսյանը, անդրադառնալով որոշ սահմանափակումների վերացմանը, նշեց. «Ես շատ ուրախ եմ, որ բնության գրկում դիմակ կրելը պարտադիր չէ, որովհետև բնության գրկում դիմակ կրելը միայն վտանգավոր է, որովհետև դիմակը 2-3 ժամ քրտնած դեմքին  բարձր ջերմաստիճանի պայմաններում ավելի շատ միկրոբ է հավաքում, որը մարդը նորից շնչում է. կարող են լինել շնչուղիների, քթի լորձաթաղանթի բորբոքումներ: Եվ այդ պարագայում ավելի  շատ է դիմակի բացասական ազդեցությունը, քան դրականը:

Հասարակական տրանսպորտում պետք է պահպանվի դիմակի կրումը, որովհետև ընտանիքի անդամներ չեն, և մեկը մյուսին  կարող են վարակել: Տրանսպորտում հնարավոր չէ սոցիալական հեռավորություն պահելը, որովհետև տարածությունը սահմանափակ է»:

Վարակաբանը անդրադարձավ նաև սեպտեմբերի 15-ից դպրոցների և  միջին մասնագիտական հաստատությունների դասապրոցեսների վերսկսելուն: «Ասել, որ միանշանակ ոչինչ չի լինի, դժվար է, որովհետև երեխաները կարող են հոգնել և դիմակը հանել, գցել հատակին նորից կրել: Դպրոցներում ինչքան էլ սոցիալական հեռավորությունը պահպանվի, դասամիջոցին երեխաները միախմբվելու են: Գուցե հիվանդացության աճ լինի, բայց մեծ բռնկում չի լինի»:

Հովհաննիսյանի  խոսքով՝ անձնական հիգիենայի  կանոնների պահպանման շնորհիվ ոչ միան կորոնավիրոսի տարածումն է  նվազել, այլ նաև այլ վարակներից է հնարավոր եղել խուսափել:

«Մենք երբևէ չենք ունեցել ամառ, որի ընթացքում աղիքային ինֆեկցիա չունենայինք: Օգոստոս ամիսն է, բայց աղիքային ինֆեկցիայով հիվանդներ մեզ շատ չեն զանգահարում կամ փնտրում մեզ:

Դա նրանից է, որ մարդիկ պարբերաբար լվանում են ձեռքերը, և անձնական հիգիենայի կանոնների նման բարձր պահպանումը բերեց նրան, որ մենք աղիքային ինֆեկցիայի բռնկում չունեցանք, դա մեզ համար ուրախալի էր, որովհետև ինֆեկցիոն հիվանդանոցի շենքը վերապրոֆիլավորվեց և զբաղվում էր միայն Քովիդ-19-ի  բուժմամբ»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close