ՆորություններՍպորտ

Մենք չենք վախենում. Պիկուշչակը խոստանում է խնդիրներ ստեղծել Կայրաթի համար Ալմաթիում

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի գավաթակիր «Նոան» օգոստոսի 27-ին Ալմաթիում կմրցի «Կայրաթի» հետ:

Հայկական թիմի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը լայնածավալ հարցազրույց է տվել ղազախական Sports.kz կայքին, որը ներկայացնում ենք թարգմանաբար:

-Իգոր Ալեքսանդրովիչ, ինչպիսի՞ն էր վիճակահանությունը Ձեզ համար: Եվրոպա լիգայի որակավորման հենց առաջին փուլում արտագնա խաղում կմրցեք «Կայրաթի» դեմ:

-Անկեղծ ասած, 4 հնարավոր թիմերից, այսպես ասած, ամենահեշտը մեզ բաժին չհասավ: Կարծում եմ՝ մեր խմբում «Կայրաթը» ամենաուժեղ մրցակիցներից է: Հատկապես, եթե նայենք ֆուտբոլիստների ցանկին, թե նրանցից ով որտեղ է խաղացել: Դրա համար էլ կարծում եմ, որ այն շատ ուժեղ թիմ է, ու, մանավանդ, որ մեզ համար արտագնա խաղ է լինելու, շատ դժվար կլինի…Բայց փախչելու տեղ չկա:

-Առաջինը ինչի՞ մասին մտածեցիք, երբ իմացաք վիճակահանության արդյունքները:

-Իհարկե, ինչպես մտքերում, այնպես էլ ցանկություններում ուզում էի, որ այս փուլում «Կայրաթը» մեզ բաժին չհասնի, քանի որ ուզում ենք հնարավորինս առաջ գնալ: Դրա վրա ազդել մենք ոչ մի կերպ չէինք կարող. վիճակահանությունն այդպիսին էր: Պետք է այդ ամենն ընդունենք ու պատրաստվենք խաղին:

-Ըստ Ձեզ՝ «Կայրաթ»-«Նոա» խաղում ուժերն ինչպիսի՞ն են:

-Միանշանակ, «Կայրաթը» խաղում է իր դաշտում, ու, ամենայն հավանականությամբ, նրան մեր զույգի ֆավորիտը կարելի է համարել: Բայց մենք այսօր, այսպես ասած, ուրիշ ենք՝ նույնիսկ նախորդ տարվա համեմատ: Դրա համար էլ պայքար կմղենք, ըստ արժանվույնս կպատրաստվենք խաղին: Ամենայն լրջությամբ:

-Մեկ մրցաշրջանում Ձեզ հաջողվեց լուրջ հաջողությունների հասնել հայկական ակումբի ղեկին: Դուք ինքներդ գո՞հ եք կատարած աշխատանքից:

-Եթե հիմա խոսենք անցած մրցաշրջանից, իհարկե, գոհ ենք: Ահռելի աշխատանք ենք կատարել, մեծ քանակությամբ մարզումային ու տեսական աշխատանքներ: Այն, թե ինչպես մենք կառուցեցինք թիմը, կարծում եմ, լավ առաջընթաց ունեցանք, և այդ ամենն ազդեց արդյունքի վրա:

Ինչ վերաբերում է տղաներին՝ ես, իհարկե, գոհ եմ առաջնության ընթացքում նրանց առաջընթացից: Հատկապես, դրա երկրորդ կեսում՝ Ամանորից հետո: Շատ ավելացրեցին նաև մտավոր մասով. հոգեբանական տեսանկյունից ավելի ինքնավստահ դարձան, ավելի, այսպես ասեմ, համառ, լավ իմաստով: Դրա համար էլ արդյունքն իր պտուղները տվեց:

-Բացեք, խնդրեմ, գաղտնիքը. ինչպե՞ս կարելի է հաղթել Հայաստանի Գավաթը, երբ եզրափակչի ընթացքում 1-4 հաշվով պարտվում էիք:

-Իհարկե, ոչ ոք իրադարձությունների այդպիսի զարգացում չէր կարող ենթադրել: Վերադարձնել խաղը, երբ պարտվում ես 0-3, հետո նաև 1-4 հաշվով, թանկ է նստում: Բայց գավաթային խխաղին պատրաստվելու ընթացքում ակնհայտ էր տղաներն ինչպես են տրամադրված, գավաթային եզրափակչում հաղթանակի հասնելու ինչ ահռելի ցանկություն ունեն:

Նորից խաղի վերաբերյալ. եթե վերցնենք դրա սկիզբը, մենք 3-4 լավ պահ ունեինք, որտեղ պիտի գոլի հեղինակ դառնայինք: Եվ այդ դեպքում, իհարկե, խաղն այլ կերպ կընթանար: Բայց արդյունքում այն դասավորվեց, ինչպես բոլորը տեսան, դրամատիկ:

Մեզ հաջողվեց խաղին վերադառնալ, բայց ոչ մի գաղտնիք չկա: Մենք պատրաստվել էինք, ու ևս մեկ անգամ կրկնում եմ, ակնհայտ էր տղաներն ինչպես էին տրամադրված, որ կա ռեզերվ, կա հաղթողի ոգի, ու նրանք դա ստուգեցին: Իհարկե, ընդմիջմանը խոսեցինք, ինչ-որ տեղ ձայն բարձրացնելու կարիք էլ եղավ, բայց դա աշխատանքային ռեժիմում տեղի ունեցավ: Որոշ պահերի ուղղումներ արեցինք, խնդրեցի, որ ազատվեն ոչ հարկադրված սխալներից, ու երկրորդ կեսը, իհարկե, աչքերի համար հաճելի տեսարանի վերածվեց: Կարծում եմ, եթե ողջ մրցաշրջանը վերցնենք, այն դրանում խաղացած լավագույն խաղակեսերից մեկն էր:

-«Նոան» բառացի մեկ քայլով հետ մնաց Հայաստանի առաջնության ոսկուց: Ի՞նչը խանգարեց չեմպիոն դառնալուն:

-Ինչ վերաբերում է վերջին խաղին, այսպես ասած, «ոսկի» թե «արծաթ» կլիներ մեզ համար, ապա, իհարկե, շատ էմոցիաներ վատնեցինք, ու, կարծում եմ, հենց դա էլ մեզ այդ խաղում պակասեց: Տղաներն, իհարկե, տրամադրված էին, նրանք ամեն ինչ հասկանում էին, բայց հուզմունքն էլ իրենն ասաց: Տղաներից շատերն այդպիսի խաղերի չէին մասնակցել, որտեղ կարելի էր չեմպիոնություն նվաճել, դրա համար էլ դա ավելի շատ հոգեբանական կողմի հետ եմ կապում:

-Ձեր ժամանակ Դուք եվրագավաթներում գրավել եք ղազախական «Ակտոբեի» դարպասը, երբ «Շերիֆը» հաղթեց 4-0 հաշվով: Հիշո՞ւմ եք այդ խաղը:

-Այո՛, հիշությանս մեջ պահպանվել է այդ խաղը, երբ գոլ խփեցի «Ակտոբեին»: Այդ ժամանակ փոխարինման դուրս եկա ու հաջողվեց գոլի հեղինակ դառնալ: Մանրամասները, իհարկե, արդեն չեմ հիշում, բայց այդ գոլը մնացել է հիշողությանս մեջ:

Շատերն այդ ժամանակ մեր զույգի ֆավորիտ համարում էին «Ակտոբեին», բայց այդ ժամանակ, կարծում եմ, մենք շատ բալանսավորված թիմ ունեինք, ու տանը արժանիորեն հաղթեցինք:

-«Կայրաթը» ամեն տարի եվրագավաթներում իր առջև լուրջ առաջադրանքներ է դնում, ճիշտ է, առայժմ դրանք լուծել չի հաջողվում: Իր պատմության մեջ եվրագավաթային առաջին մրցաշրջանում ի՞նչ հույսեր ունի «Նոան»:

-Ինչ վերաբերում է «Կայրաթին», իհարկե, այն ամբիցիաներ, լավ բյուջե, լավ խաղացողներ ունեցող ակումբ է: Որքա՞ն արժե միայն Վագներ Լավը: Բայց մեր առումով այսպես կասեմ. մենք չենք վախենում: Կտրամադրվենք այդ խաղին ու կփորձենք պայքար մղել:

Լուրջ առաջադրանքները նորմալ են, երբ այդպիսի լավ խաղացողներ, այդպիսի բյուջե ունեցող թիմըն իր առջև առաջադրանքներ է դնում: Նույնիսկ առանց իմանալու «Կայրաթի» ներքին խոհանոցը, նրանց մարզումային գործընթացը, կարծում եմ, որ այս թիմը փորձում է հարձակվողական ֆուտբոլ խաղալ, մրցակցի կիսադաշտում պրեսինգի է դիմում: Ղազախստանի առաջնությունում ամենաբարձր տեղերից մեկն է զբաղեցրել՝ մրցաշարի հաղթողին զիջելով 1 միավորով, սա խոսում է այն մասին, որ մեր մրցակիցը շատ լավ բալանսավորված է:

Ի՞նչ հույսեր ունի «Նոան»: Ամեն դեպքում, մեր հոգեբանությամբ, փորձում ենք խաղալ մեր ֆուտբոլը. այնպես, ինչպես մենք տեսնում ենք, ինչպես կառուցում ենք մեր խաղը: Այնպես որ, չենք փորձելու հեռանալ նրանից, ու, ևս մեկ անգամ կրկնում եմ, որ փորձելու ենք պայքարել մղել ու դիմագրավել «Կայրաթին»:

-Ձեր ունեցած տեղեկության համաձայն՝ հավանականություն կա՞, որ առաջիկա հանդիպումը Ղազախստանից կարող են տեղափոխել չեզոք երկիր:

-Խաղի տեղափոխման հետ կապված տեղեկություն չկա: Կարծում եմ՝ «Կայրաթը» կհոգա անվտանգության մասին՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ: Հույս ունենք, որ ամեն ինչ ինչպես հարկն է կազմակերպված կլինի, և ամեն ինչ կանցնի այնպես, ինչպես պետք է անցնի՝ որակյալ:

armsport.am

Back to top button
Close