Նորություններ

Գագիկ Խաչատրյանին բազմիցս առաջարկվել է կազմակերպել բուժում, սակայն նա հրաժարվել է. Եղիշե Կիրակոսյան

Օգոստոսի 5-ին լրացել է ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման համար սահմանված 15-օրյա ժամկետը։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ շաբաթ ՄԻԵԴ են ներկայացրել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքները։

-Պարոն Կիրակոսյան, ի՞նչ պատասխան եք ուղարկել ՄԻԵԴ, քանի որ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խումբը նշում է՝ կառավարությունը ՄԻԵԴ-ի վճռի կատարման համար ողջամիտ որևէ քայլ չի կատարել։

-Իրականում տարօրինակ է նման արտահայտություն անել, որ կառավարությունը ողջամիտ քայլ չի իրականացրել, որովհետև այդ ընթացքում պարոն Խաչատրյանին բազմիցս առաջարկվել է և՛ քրեակատարողական հիմնարկում բուժում կազմակերպել, և՛ տարբեր տեսակի ֆիզիոթերապիա կազմակերպել, սակայն պարոն Խաչատրյանն այդ առաջարկներից հրաժարվել է, որը գրավոր ձևով արձանագրվել է այնտեղ ներկա աշխատակիցների կողմից։ Քրեակատարողական հիմնարկի առաջարկով և միջնորդությամբ Գագիկ Խաչատրյանին այցելել է իրեն բուժող բժիշկը, զննել նրան, եզրակացություն է գրել ու այնտեղ թողել, որը նաև դատարան է ուղարկվել։ Այն, ինչ դատարանի որոշման մեջ արձանագրված է եղել, քայլերը մանրամասն, հետևողական արվել են։ Այսինքն` առողջական վիճակով պայմանավորված բժշկական սպասարկման հասանելիությունն այս ամբողջ ընթացքում ապահովված է եղել և հիմա էլ շարունակվում է մնալ։ Այն հնարավորությունները, ինչ նշված է եղել դատարանի որոշման մեջ առկա են եղել և այսօր էլ կան։ Չկատարման մասին տարօրինակ է խոսել, որովհետև այդ բոլոր քայլերը, ինչ ձեռնարկվել է, ամփոփ, հիմնավորող ապացույցներով, արձանագրություններով ուղարկվել է ՄԻԵԴ։

-Պետության առաջարկած բուժման տարբերակները մերժելու հիմնավորում եղե՞լ է։

Հիմնավորում չկա, ուղղակի հրաժարվել է և՛ դեղորայքայինից, և՛ ֆիզիոթերապիայից և դա արձանագրվել է։ Այդ առաջարկներն ընթացքում էլ միշտ արվում են։ Արդարադատության նախարարության մեր գործընկերների հետ անընդհատ կապի մեջ ենք, որպեսզի ՄԻԵԴ-ի որոշման կատարումն անընդհատ կատարվի և պարոն Խաչատրյանի իրավունքները նաև այդ տրամաբանության մեջ ապահովվեն։ Դատարանն արդեն ըստ կողմերի ներկայացրածի՝ հավանական է, որ ինչ-որ նոր որոշում ունենա։ Պետք է սպասենք։ Այն, ինչ արել ենք, ուղարկել ենք դատարան և հավանաբար որևէ արձագանք կստանանք։

-Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման, բուժման առումով որևէ բան փոխվե՞լ է նախքան ՄԻԵԴ-ի որոշումը և դրանից հետո։

-Նախքան այդ որոշման կայացումն էլի բոլոր ջանքերը գործադրվել են, այսինքն` որոշման կայացումից հետո միգուցե ավելի ինտենսիվացան, բայց նույն տրամաբանությունը եղել է նաև նախկինում։ Քրեակատարողական հիմնարկում բուժում ստանալու այդ հնարավորությունը նախկինում էլ է եղել մինչև որոշման կայացումը, հիմա էլ շարունակում է մնալ։ Դա նաև կախված է դիմումատուի վարքագծից, ով անընդհատ հրաժարվում է բուժօգնություն ստանալուց։ Տպավորություն է՝ հատուկ է դա արվում։

— Պարոն Կիրակոսյան, հայտնի է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործը ՄԻԵԴ-ն առաջնահերթության կարգով վարույթ է ընդունել։

-Սովորաբար երբ 39 կանոնով ՄԻԵԴ-ը միջոց է կիրառում, գանգատին միշտ առաջնահերթություն տալիս է։ Երբ անձի առողջական վիճակով պայմանավորված խնդիր կա, այդ դեպքում ՄԻԵԴ-ում առաջնության կարգով քննություն է իրականացվում։ Այսինքն` մյուս գանգատների համեմատ, նրանք որոշակի առաջնություն տալիս են այս գանգատին։ Սա ՄԻԵԴ-ի նորմալ պրակտիկա է։

ՄԻԵԴ-ը 41-րդ կանոնի համաձայն առաջնություն է տվել իրենց ներկայացրած դիմումին, բայց դիմումը դեռ մեզ չի կոմունիկացվել։ Դա առանձին ընթացակարգ է։ Բուն դիմումը, թե ինչ իրավունքի խախտման մասին են նրանք բողոքում, դեռ չի կոմունիկացրել։ Կարող է 1-1.5 տարի տևել մինչև մեզ կհասնի։ Մինչև դատարանը կտա դիմումը, արդեն կքննի, կոնկրետ հարցեր կտա կառավարությանը։ Պետք է քննվի ընդհանուր, թե ինքն ինչից է բողոքում, որ իրավունքն է համարում, որ խախտվել է պետության կողմից ու պետությունն իր պատճառաբանությունները ներկայացնի, թե ինչ է մտածում՝ խախտել է, թե ոչ, ինչից հետո գանգատի քննությունը կլինի, որն ավարտվում է կամ վճռով կամ որոշմամբ։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close